«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում լարախաղացների ներկայացում է տեղի ունեցել
Культура«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում երեկ տոնական մթնոլորտ էր: Ազգային ավանդույթներով, երգ ու պարով ուղեկցվող միջոցառումը սկսվել է ամրոցի մուտքից: Լարախաղացն ու ծաղրածուն բեմականացված, հետաքրքիր ողջույնից հետո ներկաներին ուղեկցել են միջոցառման համար նախատեսված վայրը:
Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, «Կրկես» թատերական հանդեսը, լարախաղաց-աճպարար, գրող և մշակույթի վաստակավոր գործիչ Վլադիմիր Հակոբյանի գլխավորությամբ հանդիսատեսին «ստիպել» է մեկ ու կես ժամ կլանված նայել հնարքներով լի, երբեմն էլ` վտանգավոր համարները:
Միջոցառմանը յուրօրինակ շունչ էր հաղորդել ծաղրածուն: Նա ոչ միայն հասցնում էր կարգավորել մասնակիցների շարժը, այլև` բաց չէր թողնում լուսանկարվելու առիթը:
«Տոնացույց» կենտրոնի «Սուրբ Կարապետ» ժողովրդական թատրոնի սաները, կատարողներ` Փամբակից, Լեռնապատից, Ագարակից և Ալավերդիից ներկաներին մի պահ տեղափոխել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարուստ ու աննկարագրելի գունագեղ ստեղծագործական աշխարհ: Բեմականացված համարների ընթացքում, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, միջոցառման մասնակիցները շուրջ պար են բռնել:
Ակտիվ մասնակիցների թվում նաև Հայաստանում առաջին անգամ գտնվող ֆիլիպինցի զբոսաշրջիկների խումբ էր: Նրանք ոչ միայն պարել են, այլև` մասնակցել թատերականացված համարներին:
«Իսկական կրկես-թատրոն էր: Ներկայացումը շատ գեղեցիկ ստացվեց, հանդիսատեսն էլ ` տպավորված էր: Կարծում եմ անհրաժեշտ է զարգացնել այս հրաշալի գաղափարը», - մեր թղթակցի հետ զրույցում ասել է լարախաղաց-աճպարար Վլադիմիր Հակոբյանը: Նրա խոսքով սիրով կընդունի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության` այլ հուշարձանի տարածքում նման միջոցառում անցկացնելու հրավերը: Վլ. Ղազարյանի փոխանցմամբ այսօրինակ նախաձեռնությունները կարող են զբոսաշրջության զարգացման խթան լինել: