«Հաղթողներին չեն դատում», բայց հաղթողները որոշել են դատել
АналитикаԵրևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ստացած ձայներն ու դրանց տոկոսային արտահայտությունը եկան փաստելու, որ հասարակության մի ահռելի հատված շարունակում է վստահության մանդատ տալ հեղափոխության շարունակականությանը:
Սակայն ընթացիկ քաղաքական հարցերից ու իշխանությունը ներկայացնող ուժի հաղթանակից բացի, Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես նախապես ֆիքսում էին մասնակից բոլոր կողմերն ու հենց ինքը՝ իշխանությունը, ունեին ևս մեկ խնդիր՝ երկրում նոր քաղաքական մշակույթի սահմանումը, ընտրությունների բոլորովին այլ որակի ներմուծումը քաղաքական դաշտ: Ընտրությունների որակի իմաստով, իսկապես, հնարավոր եղավ արձանագրել այն, ինչ խոստացվել էր և ինչին հասարակությունը սպասում էր այդքան երկար: Բայց քարոզարշավն ու ընտրություններին հաջորդած վիրտուալ քարոզչական պատերազմները գալիս են փաստելու, որ քաղաքական մշակույթի ներդրման հետ կապված որոշակի խնդիրներ կան:
Ընտրությանը մասնակցած հիմնական ուժերը շնորհավորեցին հաղթող ուժին, ոչ ոք կասկածի տակ չդրեց ընտրության արդյունքները, բացառությամբ հանրապետականների, որոնք ընտրություններին չէին մասնակցում: Առնվազն հաղթողին շնորհավորելու, գրանցված արդյունքները ի գիտություն ընդունելու առումով ընտրություններն իսկապես աննախադեպ էին: Սակայն, այս աննախադեպ պոտենցիալը մշակույթի վերածելու համար պետք է համակարգված մոտեցում հենց իշխանության կողմից: Այո՛, հաղթողներին չեն դատում, ավելին՝ հաղթողներին արդեն նաև շնորհավորում են, բայց հաղթողն էլ իր կողմից պետք է քայլ անի՝ առնվազն մյուս քաղաքական ուժերի հանդեպ հարգանքի առումով, առավել ևս այն ուժերի, որոնց հետ աշխատելու է Երևանի ավագանիում: Որևէ ձևով չէր նսեմանա հաղթանակը, եթե «Իմ քայլը» դաշինքը փոխադարձ քայլ աներ իրեն շնորհավորած ուժերին: Փոխարենը մենք տեսնում ենք քարոզարշավային հռետորաբանության շարունակությունը սոցցանցերում՝ նաև ընտրություններից հետո:
Այսինքն, նույնիսկ անվերապահ հաղթանակը չկասեցրեց մրցակիցներին մինչև վերջ կապիտուլացնելու, անվանարկելու, հեգնելու՝ իշխանության քարոզչական մոտեցումը: Ի վերջո գալու է այս ֆեյսբուքյան կռիվ–կռիվը մի կողմ դնելու և գործ անելու ժամանակը, իսկ գործ անելու մանդատը վստահվել է իշխող ուժին: