Մեկնարկած «Սոսե» միջազգային կինոփառատոնը ֆիլմեր կցուցադրի չգործող կինոթատրոններում
Культура«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց լեփ-լեցուն դահլիճում: Սեպտեմբերի 28-ին «Հայրենիք» կինոթատրոնում ցուցադրվեց փառատոնի արտամրցութային ծրագրում ընդգրկված Վիլյամ Սարոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» ստեղծագործության հիման վրա նկարահանված համանուն ժապավենը:
Կինոփառատոնի համահիմնադիր և գե
«Սոսե»-ի համահիմնադիր և տնօրեն
Նա ասաց, որ իր տրամադրությունը շատ բարձր է՝ նշելով պատճառը. «Քիչ առաջ մի ծերուկ մոտեցավ ինձ: Երբ իմացավ, որ «Հայրենիք»-ում ֆիլմ է ցուցադրվում, մեծ ոգևորությամբ ներս մտավ և այժմ դիտում է կինոնկարը: Կարծում եմ՝ դա լավ սկիզբ է»:
«Սոսե» միջազգային կինոփառատոնի մրցութային փուլում կներկայացվի 172 ֆիլմ: Այս տարի փառատոնի շրջանակում ընդգրկվել են ժապավեններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Կինոփառատոնն ունի հետևյալ անվանակարգերը` «Խաղարկային կարճամետրաժ», «Խաղարկային լիամետրաժ», «Վավերագրական», «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»: Ներկայացվել է 742 ֆիլմի հայտ, դրանցից 172-ն ընդգրկվել է ծրագրում:
«Սոսե» միջազգային կինոփառատոնին միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչները կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի (ՌԴ) «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ։
Նույն սկզբունքով փառատոնի կազմակերպիչները կանգառ կանեն նաև Եղեգնաձորում։ Այստեղ այլ իրավիճակ է՝ «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին նրանք կhիշեցնեն հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։
Երևանում ցուցադրություններ կիրականացվեն «Հայրենիք» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, «The club»-ում:
«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն կտևի մինչև նոյեմբերի 23-ը: