Գյումրու դրամատիկական թատրոնը թատերաշրջանի մեկնարկը կազդարարի «Bye Bye լեդի» կատակերգությամբ
КультураԳյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր նոր՝ 153-րդ թատերաշրջանի մեկնարկը կազդարարի «Bye Bye լեդի» կատակերգությամբ:
153-րդ թատերաշրջանը կբացվի հոկտեմբերի 6-ին և 7-ին, ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Ամադեի դասը» պիեսի բեմադրված «Bye-Bye Լեդի» կատակերգությամբ. գլխավոր դերերում հանդես կգան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և Ռոզի Ավետիսովան։
Ինչպես տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, նոր թատերաշրջանը լինելու է նոր նախագծերով հագեցած։ «Որպես ստեղծագործողի՝ ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հրանտ Արամիչի հետ, ինչպես նաև դերասանուհի Ռոզի Ավետիսովայի: Արդյունքում, մենք կունենանք մի ներկայացում, որտեղ կա և՛ սեր, և՛ ուրախություն, և՛ ինտրիգ։ Ես ուզեցի, որ «Հարսանիք թիկունքում» ներկայացումից հետո նոր թատերաշրջանը բացենք ավելի թեթև և ուրախ։ Տվյալ դեպքում դերասանն է իր հետ պիես բերում թատրոն։ Առաջիկայում մենք ևս մի հետաքրքիր ներկայացում կունենանք, որի բեմադրող ռեժիսորն է՝ Հրաչ Քեշիշյանը։ Ըստ Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա» ներկայացումը խաղացանկում կլինի նոյեմբերից»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Հրանտ Թոխատյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելացրեց, որ նրա համար մեծ պատիվ է հանդես գալ Գյումրու թատրոնի բեմում․ «Ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը, քանի որ այս տարին ինձ համար նաև հոբելյանական է. լրանում է իմ 60-ամյակը, և ես ցանկացա այն նշել հենց Գյումրու թատրոնում։ Կարծում եմ, որ ամենաճիշտ որոշումն էր։ Վստահ եմ, որ իմ համագործակցությունը Գյումրու թատրոնի հետ կլինի շարունակական և երկարատև»,- նշվեց սիրված դերասանը։
153-րդ թատերաշրջանի ընթացքում Գյումրու դրամատիկական թատրոնը նոյեմբերին հյուրախաղերով հանդես կգա Լիբանանում, իսկ 2019թ-ի փետրվարին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: