«Նոր խորհրդարանում կլինի երեք, առավելագույնը՝ չորս ուժ».
ИнтервьюՏարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ հիմնականում քաղաքական դաշտը խիստ սահմանափակ է, հեշտ մոնոպոլիզացվող, ուր առանց այն էլ բավականին շատ կուսակցություններ կան գրանցված, այս դաշտը հագեցած է: Սակայն պարզվում է, որ քաղաքագիտական տեսանկյունից՝ կուսակցությունների թվի մեծ կամ փոքր լինելն այնքան էլ էական չէ: Կարևորը քաղաքական դաշտը ո՛չ ամայանա, ո՛չ էլ մոնոպոլիզացվի, քանի որ երկու դեպքում էլ դրան հաջորդում է ճահճացման պրոցեսը:
Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երևույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլև լուրջ վերադասավորումների: Եվ եթե մինչ հեղափոխությունը քաղաքական համակարգին ավելի բնորոշ էր ավտորիտարիզմը, որի հետևանքով ձևավորվել էր բազմակուսակցականության կեղծ համակարգ, ապա հիմա՝ հեղափոխությունից հետո, փլուզվել է նաև հին քաղաքական համակարգը և քաղաքական դաշտում վակուում է առաջացել
«Այդ վակուումը ժամանակին լրացրել են մեծ կուսակցությունները, չնայած բոլորիս համար էլ պարզ էր, որ նախորդ համակարգի պայմաններում փոքր կուսակցությունները պետք է կա՛մ ՀՀԿ–ի, կա՛մ ԲՀԿ–ի ազդեցության տակ լինեին, կա՛մ էլ, լավագույն դեպքում, պառլամենտում մի քանի հոգանոց խմբակցություն «փախցնեին», այն էլ կրկին իշխող քաղաքական ուժի հետ պայմանավորվածութան կամ համաձայնության արդյունքում: Ներկայում նախկին մեծ կուսակցությունները փորձում են նոր իրողությունների պայմաններում վերագտնել իրենց, իսկ նախկին ընդդիմադիր կուսակցությունները փորձում են ավելի գերիշխող դիրք գրավել քաղաքական դաշտում»,– ասաց Գ. Քեռյանը: Սա քաղաքագիտական լեզվով կոչվում է կուսակցական մրցապայքար, որը բնորոշ է բոլոր ժողովրդավարական երկրներին: Բայց պետք չէ նաև մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնել, թե քաղաքական մենաշնորհ ունեցող մի քաղաքական ուժին փոխարինելու է եկել մեկ այլ քաղաքական ուժ, համոզված է քաղաքագետը, քանի որ այս պահին, իրականում, տեղի է ունենում կուսակցությունների զարթոնքի ժամանակաշրջան:
«Ներկայում մենք քաղաքական ակտիվության բուռն շրջան ենք ապրում: Եվ եթե նախորդ համակարգի կառավարման վերջին շրջանում մեր ընտրողների մոտ ավելի շատ մերժողական դիրքորոշում կար, և քաղաքական ակտիվությունը չէր ընդունվում, քանի որ կանխակալ մոտեցում կար, թե՝ «ինչ էլ որ լինի, միևնույն է, որևէ փոփոխության չեն կարողանալու հասնել», հիմա այդ մտահոգությունը չկա: Եվ այն մոտեցումը, թե ինչո՞ւ են ձևավորվում նոր կուսակցություններ, քանի որ արդեն իսկ 80–ից ավելի կուսակցություններ կան, ընդունելի չէ ինձ համար: Մի բան է թղթով գրանցված լինել, մեկ այլ բան՝ գործող կառույց ունենալ: Եվ եթե գրանցված կուսակցությունների մեծ մասը անգամ չի մասնակցում ընտրություններին, մյուս մասը կա՛մ գրպանային, կա՛մ մարդ կուսակցություններ են, ապա բոլորովին էլ արդարացված չէ խոսել բավականին շատ թվով կուսակցություններ ունենալու մասին»,– ասաց Գ. Քեռյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, առաջիկա ընտրություններին խորհրդարանում կրկին 3, ծայրահեղ դեպքում՝ 4 կուսակցություն ներկայացված կլինի: Եվ ամենևին էլ պետք չէ մտահոգվել, որ այս ընթացքում բավականին շատ նոր կուսակցություններ են գրանցվում, քանի որ դրանց մեծ մասն ընտրությունների ժամանակ կմաղվեն: Այլ հարց է, թե նախկին խորհրդարանական կուսակցություններից որոնք կմնան ապագա խորհրդարանում:
«Այստեղ հարցն այն է, թե նախկինում քաղաքական կյանքը տնօրինող ուժերը կկարողանա՞ն մնալ խորհրդարանում, թե՞ նորաստեղծ կուսակցությունները կզբաղեցնեն նրանց տեղը և կլրացնեն այն վակուումը, որը կա: Չնայած, պարզ է, որ ապագա խորհրդարանում 50 և ավելի տոկոսը ստանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ այն դեռևս շարունակում է իր քաղաքական վերելքը: Եթե կուսակցությանը հաջողվի առաջիկա մեկ–երկու տարում սոցիալ–տնտեսական արդյունքներ արձանագրել, ապա կուսակցության վարկանիշը կշարունակի բավականին բարձր մնալ»,– ասաց Գ. Քեռյանը:
Քաղաքագետը չբացառեց նաև, որ ՀՀԿ–ն կարող է անգամ դուրս մնալ առաջիկա խորհրդարանից: Եվ դա գիտակցելով է, որ խորհրդարանը չլուծարելու համար ամենաշատն ինքն է պայքարում: Եվ եթե ընտրությունները տեղի ունենան մինչև դեկտեմբեր, ապա չի բացառվում, որ ՀՀԿ–ի փոխարեն խորհրդարանում հայտնվեն անգամ նոր ձևավորված կուսակցությունները:
Արմինե Գրիգորյան