Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած համերգը նվիրվեց Ազնավուրի հիշատակին
КультураԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր ֆրանսահայ, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին:
Համերգի սկզբում մեկ րոպե լռությամբ հանդիսատեսը հարգեց երգչի հիշատակը:
Երեկոյին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Համերգի դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն էր:
«Ես շատ լավ եմ վերաբերվում ֆրանսիացի կոմպոզիտորներին, այդ իսկ պատճառով կոմպոզիտորների ընտրությունը միայն Ֆրանկոֆոնիայի օրերով չի պայմանավորված»,- նշեց Մլքեյանը:
Համերգին հնչեցին նաև հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանիֆրանսալեզու երգերը, մասնավորապես, «Հիմներգ Գրենոբլի հայոց տան», հատվածներ «Պոետի կյանքը» կանտատից:
«Ես հետաքրքրություն ունեմ աշխարհի լեզուների հանդեպ և ունեմ գրված ֆիններեն, շվեդերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով երգեր: Պատրաստվում եմ մեծ օպերային ստեղծագործություն ձևավորել: Այս երեկոյի հիմնական ծրագիրը Միսակ Մանուշյանի հիշատակին նվիրված իմ գրած կանտատի հատվածներն են, որտեղ հնչելու են Միսակ Մանուշյանի և Լուի Արագոնի բանաստեղծությունները»,- ասաց Ամիրխանյանը:
Ծրագրում հնչեցին՝ Գաբրիել Ֆորե՝ «Պավանա», Ֆրանսիս Պուլենկ՝ «Կոնցերտ երգեհոնի, լարայինների և գոսերի համար» (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն, Հարություն Մկրտչյան- գոս), Ռոբերտ Ամիրխանյան՝ ֆրանսալեզու երգեր: