Հայաստանը ՖՄԿ-ում նախագահության երկու տարիներին նոր թափ է հաղորդելու տնտեսական համագործակցության բաղադրիչին
Экономика Հայաստանը նպատակն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր նախագահության երկու տարվա ընթացքում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, մանավանդ այն բաղադրիչին, որը վերաբերում է նորարարություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք ունենք նպատակ՝ թե՛ Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովի, թե՛ նախագահության երկու տարվա ընթացքում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, առավել ևս՝ այն մասին, որը վերաբերում է նորարարություններն: Եվ այդ առումով գագաթնաժողովի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատու նախարարների ցանկի ստեղծումը: Մեր ցանկությունն է՝ նախագահության այս երկու տարում ստեղծել իրական համագործակցություն»,- ասաց Մնացականյանն ու հավելեց՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումից ակնկալիքները նույնն են. այն կարող է լավ համագործակցության սկիզբ տալ:
Նա հույս հայտնեց՝ երկու տարվա մեր նախագահության ավարտի ընթացքում կկարողանան հաջորդ նախագահությանը փոխանցել լավ ձևավորված օրակարգ:
Զոհրաբ Մնացականյանը գագաթնաժողովի օրերին, սակայն դրա շրջանակից դուրս մի շարք հանդիպումներ կանցկացնի այլ երկրների իր գործընկերների հետ: Բացի այդ՝ լինելու են պետությունների և կառավարությունների ղեկավարների այցեր, որոնք նույնպես առիթ են տալու երկկողմ հանդիպումներ անցկացնելու:
«Բոլոր պետությունները նման բազմակողմ միջոցառումներն օգտագործում են, որ միմյանց հետ երկկողմ օրակարգեր քննարկեն: Սա էլ բացառություն չէ»,- նշեց Մնացականյանը:
Այս տարվա հոկտեմբերից մինչև 2020 թվականը Հայաստանը ստանձնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը։