Նյու Յորքում 20 մարդու վրաերթի ենթարկած լիմուզինի վարորդը չի ունեցել համապատասխան վարորդական իրավունք
Международные новостиԱՄՆ Նյու Յորք նահանգում 20 մարդու մահվան ելքով ՃՏՊ-ի գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ինչպես հաղորդում է NEWS10 ABC տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին, պարզվել է, որ լիմուզինի վարորդը, ում մեղքով տեղի է ունեցել վթարը, չի ունեցել համապատասխան վարորդական իրավունքը:
Նահանգապետի խոսքով՝ վարորդը չի ունեցել լիմուզին վարելու իրավունք, իսկ մեքենան նախորդ ամսվա ընթացքում չի անցել համապատասխան տեխզննումն ու չպետք է գործարկվեր:
Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները մտադիր են արձակել հրաման, որով հետաքննության ընթացքում կկասեցվի Prestige Limo լիմուզինների վարձույթով զբաղվող ընկերության գործունեությունը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին ամերիկյան Նյու Յորք նահանգի Սքոհերի շրջանում: Լիմուզինի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 20 մարդ է զոհվել: