Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը պահանջում է արտաքսել սաուդացի դիվանագետներին
Международные новостиԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջում է Թուրքիայից արտաքսել սաուդացի դիվանագետներին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Քըլըչդարօղլուի պահանջը կապված է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի հետ:
Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիան պետք է ավելի կոշտ և կտրուկ քայլեր ձեռնարկի լրագրողի անհետացման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, գտնի և արդարադատությանը հանձնի այդ գործում ներգրավված մեղավորներին:
«Այս ամենից բացի, պետք է վերանայվեն նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները»,- հավելել է Քըլըչդարօղլուն:
Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում անհետացած լրագրողը:
Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն իրականացնող թուրքական ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ սաուդացի լրագրողը սպանվել է:
Թուրքական ոստիկանությունը մանրամասն ուսումնասիրում է հյուպատոսության տարածքը հսկող անվտանգության 150 տեսախցիկների արձանագրած կադրերը:
Տեսախցիկների արձանագրած կադրերը հստակ ֆիքսել են լրագրողի մուտքը հյուպատոսություն, սակայն չկա գեթ մեկ կադր, որը ֆիքսած լինի լրագրողի հյուպատոսությունից դուրս գալը:
Հետաքննության արդյունքների համաձայն՝ լրագրողի սպանության մեջ կասկածվում է 7 անձ, որոնք նրա անհետացման օրը 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Հաշքաջիի հյուպատոսություն մտնելուց կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք, մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել և գնացել 3 տարբեր ուղղություններով: