Հայաստանն ու Ճապոնիան գնում են ներդրումների ազատականացման ճանապարհով
ЭкономикаՀայաստանը և Ճապոնիան գնում են ներդրումների ազատականացման և խրախուսման ճանապարհով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը:
Ըստ հիմնավորման, վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում: 2017թ. Լրացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2010թ. Տոկիոյում Հայաստանի, իսկ 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանությունների բացումը նպաստել է երկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը: «Հաճախակի են դարձել տարբեր մակարդակներով փոխայցելությունները: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ: Բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական կապերը: Առկա է արդյունավետ համագործակցություն նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համագործակցության կարևոր ոլորտներից է հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող Զարգացման պաշտոնական օգնությունը, որը հիմնականում իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency – JICA) միջոցով:
«ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին»,- ասված է հիմնավորման մեջ: