Մեկ անձով արդյունավետ համակարգ չես կառուցի
АналитикаՕրերս լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Միլսի հայտարարության վերաբերյալ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախքան հարցին պատասխանելը հարցրեց՝ ինչ է հայտարարել, ինչից հետո ստանալով պատասխան՝ նոր միայն արդեն արձագանքեց դեսպանի հայտարարությանը: Սա գուցե փոքրիկ դետալ է, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Իսկ պայմանական «սատանան» այս դեպքում ոչ թե այն է, որ Փաշինյանը տեղյակ չէր Միլսի հայտարարությունից, այլ այն, որ նրան այդ մասին չէին զեկուցել դեսպանի հայտարարությունից 24 ժամ անց: Փաշինյանն օբյեկտիվորեն պարտավոր չէ իմանալ, թե ով և ինչ է ասում ողջ օրվա ընթացքում, անկախ այն հանգամանքից, որ դեսպան Միլսը վերջին մարդը չէ այս երկրում: Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, արտակարգ ռեժիմում և այդ ռեժիմի պատասխանատվության կրողը Փաշինյանն է, դժվար է, իհարկե, միայնակ հետևել ինֆորմացիոն բոլոր հոսքերին:
Բայց հենց նման իրավիճակների համար է, որ առաջին դեմքերն ունենում են աշխատակազմեր, որոնք էլ հենց ֆիլտրում են նման ինֆորմացիոն հոսքերը: Իսկ աշխատակազմ Փաշինյանն ունի: Ավելին, ունի նաև ԱԳ նախարարություն: Չենք ցանկանում որևէ միտում և դիտավորություն տեսնել կոնկրետ այս դրվագի հետ կապված: Խնդիրն, իսկապես, առավելապես տեխնիկական, գործառույթային բնույթի է: Բայց գործառույթային (ֆունկցիոնալ) խնդիրը պակաս կարևոր չէ: Ի վերջո, ցանկացած իշխանության արդյունավետություն պայմանավորված է ոչ միայն առաջին դեմքով, ոչ միայն իշխանության ներկայացուցիչների մարդկային որակներով, այլև վերջիններիս պրոֆեսիոնալիզմով և այդ պրոֆեսիոնալիզմի համակարգմամբ:
Փաշինյանն, իհարկե, լինելով ճկուն հռետոր և բազմամյա փորձառությամբ լրագրող, կարող է պատասխանել ցանկացած հարցի, եթե նույնիսկ տեղյակ չէ դրա տեղեկատվական նախապատմությունից: Բայց խնդիրն այն է, որ բացառապես նրա անձնական հմտությունների վրա հնարավոր չէ արդյունավետ համակարգ կառուցել: Ընդ որում, ինչպես արդեն քանիցս տեսել ենք, առաջին դեպքը չէ, որ Փաշինյանին մոռանում են ինչ–որ բան զեկուցել: Ինչ–որ առումով սա, իհարկե, իշխանության նորեկությանը բնորոշ դրսևորում է: Բայց մյուս կողմից էլ պետք է ֆիքսել խնդիրը, քանի դեռ այն արտահայտվում է միայն տեխնիկական պատճառներով, այլապես ինչ–որ պահից այդ տեխնիկական թերությունը կարող է դառնալ քաղաքական թերություն: