Դեր Զորում միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով ավելի քան 60 խաղաղ բնակիչ է զոհվել
Международные новостиՍիրիական Դեր Զոր նահանգի երկու գյուղի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցը, ռմբակոծության են ենթարկվել Աս-Սուսա և Ալ-Բուբադրան գյուղերը, ինչի հետևանքով 62 խաղաղ բնակիչ է զոհվել, տասնյակները վիրավորվել են:
Գործակալությունը մանրամասնել է, որ ավիահարվածներ են տեղի ունեցել վերջին երկու օրվա ընթացքում: Աս-Սուսա բնակավայրում 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 37 մարդ ավիահարվածների զոհ է դարձել Ուսման իբն Աֆան մզկիթի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով: Ալ-Բուբադրան գյուղում ավիահարվածը տեղի է ունեցել Ամար իբն Յասիր մզկիթի հարևանությամբ, այստեղ 10 մարդ է զոհվել:
Սիրիական աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել մեծ թվով վիրավորների առկայության պարագայում: Բացի այդ, բազմաթիվ մարդիկ դեռևս տների փլատակների տակ են գտնվում: