Դարպասի ուղղությամբ կատարած հարվածների թվով մենք Եվրոպայի լավագույն թիմն ենք. Խոսեպ Գվարդիոլա
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Բերնլիի» հետ հանդիպումը, որում «քաղաքայինները» 5:0 հաշվով հաղթանակ են տոնել.
«Մենք հիանալի հանդես եկանք: Մրցակցի դարպասի ուղղությամբ 24 հարված կատարեցինք, որոնցից 10-ը՝ դարպասին: Այս ցուցանիշով մենք Եվրոպայի լավագույն թիմն ենք:
Այսօր աչքի ընկան բոլոր ֆուտբոլիստները, հատկապես Սթոունսը, ում դիրքը փոխել էի, իսկ Ֆերնանդինյոն պարզապես հիասքանչ էր:
Մարեզն աչքի ընկավ իր բնավորությամբ և անհատականությամբ: Նա հիանալի գոլ խփեց, ագրեսիվ էր, ճշգրիտ փոխանցումներ էր կատարում: Ռիյադն առանց խնդիրների խաղում է և՛ աջ ոտքով, և՛ ձախով: Նա մեր թիմի համար հիանալի ֆուտբոլիստ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 23 միավոր և զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
ԱՊԼ-ի 10-րդ տուրում «քաղաքայինները» խաղալու են «Տոտենհեմի» հետ: