Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք. Հ. Մարությանը տոնական համերգի ժամանակ շնորհավորեց քաղաքի տոնի առթիվ
ОбществоՀանրապետության հրապարակում ընթանում է Երևանի օրվան նվիրված տոնական համերգը: Ներկաներին իր ելույթով ողջունեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Երևանն այսօր դարձավ 2800 տարեկան: Մենք չենք գիտակցում, թե ինչքան բախտավոր և երջանիկ մարդիկ ենք, մենք այսօր կանգնած մեր հայրենի հողում տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800 տարեկանը:
Մենք բախտավոր ենք, որովհետև մենք երևանցի ենք, մենք երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք, իսկ երևանցիները ոչ միայն Երևանի բնակիչներն են, այլև այն մարդիկ, ովքեր Երևանը սիրում են, համարում են իրենց հայրենիքը: Եվ ես հպարտ եմ, որ երևանցի եմ»,-նշեց նա:
Երևանի քաղաքապետն ընդգծեց՝ իր համար քաղաքի լավագույն նվերը հենց երևանցիներն են, ազատ ու հպարտ բոլոր մարդիկ, ովքեր միասին ձեռք բերեցին ազատություն ու ժողովրդավարություն: «Դարեր անց հայությունը կհիշի այս տարին, թե ինչպես մենք ձեռք բերեցինք այս ազատությունը»,-նկատեց Հայկ Մարությանը:
Վերջինս շնորհավորեց համայն հայությանը պատմական այս օրվա առթիվ: «Սիրում եմ քեզ Երևան» խոսքերով նա ավարտեց իր ելույթը: