Սաակաշվիլիին առաջարկել են նշանակել Ղազախստանի վարչապետ
Международные новостиՂազախստանի Տալդիորգան քաղաքը ներկայացնող հասարակական գործիչ Նուր Կանատուլին առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա թիմին 5 տարով հրավիրել Ղազախստանի կառավարություն: Այս մասին հայտնում է Zakon.kz պարբերականը՝ մեջբերելով բլոգերի ֆեյսբուքյան հայտարարությունը:
«Մեր նախագահը վերջերս սպառնում էր ցրել մեր անգործունյա պաշտոնյաներից շատերին, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում աշխատել երկրի և ժողովրդի համար և փոխարինել նրանց արտասահմանցի գործիչներով: Ես լավ և գործնական առաջարկ ունեմ ժողովրդի առաջնորդին. եկեք 5 տարով մեզ մոտ հրավիրենք Միխեիլ Սաակաշվիլիին և նրա ողջ թիմին: Վստահ եմ, որ նա երկրի ղեկավարի աջակցությամբ մեկ-երկու տարում հստակ կարգուկանոն կսահմանի երկրում», - գրել է Կանատուլին:
Բլոգերը հայտնի է ձեռներեցների և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պայքարով, ինչպես նաև պետական մարմինների աշխատանքների վերահսկմամբ: