Վրաստանում նախագահական ընտրությունների էքզիթ փոլերի արդյունքներով` երկու տարբեր թեկնածուներ են հաղթում
ИнтервьюՎրաստանում ընտրությունների ավարտից հետո հրապարակվել են էքզիթ փոլերի արդյունքները: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անցկացրած հարցման արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոս + 1 ձայնի շեմը, ինչը նշանակում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կկայանա ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուների մասնակցությամբ:
Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, ամերիկյան Edison Research ընկերության հարցման արդյունքներով, որն անցկացվել է «Ռուսթավի -2» հեռուստաալիքի պատվերով, ընտրություններում հաղթում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը 40 տոկոս ձայն է ստացել:
Երկրորդ տեղում է հայտնվել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը նույնպես մոտ 40 տոկոս ձայն է ստացել:
Մեկ այլ էքզիթ փոլի տվյալներով, որն անցկացրել է վրացական ընկերությունը «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվերով, հաղթող է դարձել Սալոմե Զուրաբիշվիլին՝ ստանալով ընտրողների ձայների 52.3 տոկոսը:
Վրաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներն ավելի ուշ կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հաղորդվում է նաև, որ վրաց խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: