Վարկանիշային ընտրակարգի դեպքում «շոգեքարշի էֆեկտը» այդքան էլ չի աշխատելու
ИнтервьюԸնտրական օրենսգրքի նոր նախագիծը հոկտեմբերի 29–ին Ազգային ժողովում կրկին չընդունվեց: Դեպի խորհրդարանական ընտրություններ ԸՕ գործող օրենսգրքով և ռեյտինգային համակարգով գնալու հարցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը մի քանի կողմերից է դիտարկում:
«Նախ՝ չի բացառվում, որ տեսականորեն կարող է լինել նոր ԸՕ–ն անցկացնելու երրորդ փորձը: Չի բացառվում նաև, որ այն կարող է հաջողություն ունենալ: Բայց եթե գնում ենք գործող օրենսգրքով, բնականաբար, քաղաքական դաշտում իրավիճակ է փոխվում: Այդ առումով մի քանի կետեր կան, որոնք պետք է ընդգծել: Նախ՝ գործող օրենսգիրքը վարչապետի թիմակիցների համար վատ չէ: Շահավետ կլիներ նոր ԸՕ–ն, օգուտ կլիներ նորը, բայց գործողը վնաս չէ: Ասել, որ նրանք գործող օրենսգրքից խիստ կտուժեն, այդպես չէ: Միգուցե ձայների որոշակի կորուստ ունենան, բայց ոչ այն ահռելի չափը, ինչի մասին որոշ դեպքերում գրում են սոցցանցերում»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց նա:
Քաղտեխնոլոգի մյուս կետը վերաբերում է ՀՀԿ–ին:
«Շատ տարածված է այն տեսակետը, որ գործող վարկանիշային ընտրական մեխանիզմի շնորհիվ ՀՀԿ–ն կարող է տեղ զբաղեցնել ԱԺ–ում: Այդպես չէ: Շատ է նշվում, որ հենց այս ԸՕ–ն է, որ 2017թ.–ին բավականին շատ ձայն ապահովեց ՀՀԿ–ի համար, բայց դա ևս այդպես չէ: Նրանց համար ձայներ ապահովեց ոչ թե գործող ԸՕ–ն, այլ ֆինանսական խթանը՝ ընտրակաշառքը: Ուղղակի այս ընտրական մեխանիզմը հարմարեցված էր նրան, որ ինչքան հնարավոր է շատ թեկնածու լինի, ինչքան հնարավոր է շատ ընտրակաշառք բաժանվի: Շատ դեպքերում հենց այդ պատճառահետևանքային շեշտադրումներն են խախտվում, ինչը ցույց են տալիս թեմայի շուրջ արված գրառումները: Հիմա շատ հարցերում կարող ենք վարչապետին քննադատել, բայց մի հարցում՝ ոչ. նա կատեգորիկ և խստորեն արգելում է ընտրակաշառքի բաժանումը, իսկ եթե ընտրակաշառք չի բաժանվում, ապա ՀՀԿ–ն չի կարող գործող ԸՕ–ով իրենց համար բավականին բարձր տեղ ապահովել ապագա ԱԺ– ում: Ավելին, շատ հավանական է, որ ապագա խորհրդարանում իրենք տեղ չունենան»,–ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ–ի համար գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ:
«ԲՀԿ–ն ցանցային կառույց է, ունի նաև քաղաքական գործիչներ, որոնք մարզերում հեղինակություն ունեն: Համարժեք աշխատանք տանելու դեպքում, բնականաբար, նրանք ներկայացված կլինեն խորհրդարանում: Եթե նոր ԸՕ–ն անցներ, ԲՀԿ–ի համար ևս լավ կլիներ, բայց գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ»,–նշեց նա:
Քաղտեխնոլոգի մյուս կետը նշված համատեքստում մնացած կուսակցությունների հնարավորությունների մասին է:
«Բավականին բարդանում է այլ քաղաքական ուժերի հետագա քաղաքական ճակատագիրը, որովհետև եթե համամասնական ընտրակարգն ընդունվեր, ապա քաղաքական ուժերի համար աշխատելու էր, այսպես ասած, շոգեքարշի էֆեկտը: Այսինքն, գլխավորելով ցուցակը՝ բավականին հայտնի քաղաքական գործիչն իր հեղինակությամբ այդ ցուցակը տանելու էր ԱԺ: Բայց վարկանիշային ընտրակարգի դեպքում այդ էֆեկտը այդքան էլ չի աշխատելու: Ուզեն–չուզեն՝ ստիպված են 13 ընտրատարածքներում թեկնածու առաջադրել, ինչը բավականին լուրջ խնդիր է, որովհետև Հայաստանում կուսակցությունները շատ դեպքերում ուղղակի չունեն հեղինակավոր գործիչներ, որոնց ընտրացուցակներում ընդգրկելով՝ կարողանան ընտրատարածքներում բավականին շատ ձայներ հավաքել: Թվաքանակ, իհարկե, ունեն, բայց նրանք ակտիվ գործիչներ չունեն, և հիմա, ուզեն, թե՝ ոչ, շատ դեպքերում ստիպված են լինելու դաշինքներ ձևավորել»,–նշեց նա:
Անցում կատարելով մյուս հանգամանքին՝ Արմեն Բադալ յանը նշեց. «Եթե նոր ԸՕ–ն ընդունվի, ապա իշխանական թիմը, որն արդեն հայտարարում է, որ ԱԺ արտահերթ է գնալու «Իմ քայլը» դաշինքով, ամբողջովին կախված է լինելու վարչապետից: Գործելու է վերոնշյալ շոգեքարշի էֆեկտը և նրանք, ոչինչ չանելով, որպես վարչապետի շոգեքարշից կախված վագոն, մտնելու են ԱԺ: Գործող օրենսգրքով այդպես չի լինելու: Ուզեն–չուզեն ընտրատարածքներում պետք է իրենց նախընտրական կամպանիան իրականացնեն թե՛ կուսակցության, թե՛ իրենց համար: Եվ այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե ընդունվում է նոր ԸՕ– ն, ապա հայտնվելով խորհրդարանում, նրանք ամբողջովին պարտական և կախված են լինում կուսակցության ցուցակը գլխավորած անձից՝ վարչապետից: Իսկ եթե հին օրենսգրքով, ապա պայմանականորեն հիսուն տոկոսով են կախված լինում վարչապետից, իսկ մնացած հիսունը՝ իրենց աշխատանքից: Բացի այդ՝ «Իմ քայլը» դաշինքի մի քանի թեկնածուներ մեկ ընտրատարածքում են լինելու և ուզեն, թե՝ ոչ, միմյանց դեմ են մրցակցելու: Անկախ իրենցից, դա բերելու է այդ դաշինքի ներսում ժողովրդավարության տարածմանը»:
Նրա խոսքով, մի քանի թեկնածուների մրցակցությունը դրական արդյունք է ունենում, և ավելի լավ է, քան մրցակցության բացակայությունը:
«Իսկ ինչ վերաբերում է ներկուսակցական բախումների հնարավորությանը, ապա այս համատեքստում այդ հանգամանքը դրական իմաստով պետք է հասկանալ: Օրինակ՝ ԱՄՆ– ում նախագահական ընտրություններին մենք ականատես ենք եղել, թե հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներն ինչպես են իրենց կուսակցության ներսում խիստ բախումների գնում: Ներկուսակցական մրցակցությունը բերում է կուսակցության ժողովրդավարությանը: Երկրորդ՝ կուսակցության մեջ հաղթում է քաղաքականապես ուժեղը, և այդ քաղաքականապես ուժեղը, որը գնում է ԱԺ, պետությունն է ուժեղացում, իսկ տնտեսությունը դարձնում ավելի մրցունակ: Ներկուսակցական բախման բացասական երանգը 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ էր, բայց ՀՀԿ թեկնածուների միջև այդ բախումը քրեաօլիգարխիկ բախում էր: Հիմա քրեաօլիգարխիկ բաղադրիչը հանում ենք, ստացվում է՝ քաղաքական բախում կամ մրցակցություն, ինչը միայն դրական է երկրի զարգացման համար»,–եզրափակեց քաղտեխնոլոգը: