Պակիստանում Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար մեղադրված և օրերս արդարացված քրիստոնյա կնոջ փաստաբանը ստիպված է եղել լքել երկիրը
Международные новостиՊակիստանում Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար 2010թ. մահապատժի դատապարտված և օրերս արդարացված ու ազատ արձակված քրիստոնյա կնոջ՝ Ասիա Բիբիի փաստաբանը ստիպված է եղել լքել երկիրը, քանի որ վախենում էր սեփական կյանքի համար, հաղորդում է BBC-ն:
Փաստաբանն ընդգծել է, որ ստիպված է եղել մեկնել երկրից՝ հետագայում ևս Ասիա Բիբիի շահերը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար:
Հաղորդվում է նաև, որ Պակիստանի իշխանություններն արգելել են կնոջը լքել երկիրը, որպեսզի վերջ դնեն նրա ազատ արձակման հետևանքով սկսված բողոքի զանգվածային ակցիաներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պակիստանի գերագույն դատարանը չեղարկել է Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար 2010թ. մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջ՝ Ասիա Բիբիի վճիռը:
Ինչպես նշում է The Guardian-ը, տվյալ որոշումը շրջադարձային է երկրի արդարադատության համակարգի համար: Պարբերականը գովելի է համարում այն փաստը, որ Գերագույն դատարանն իսլամիստական խմբերից ստացած սպառնալիքների ու զանգվածային բողոքի ֆոնին քաջություն է ունեցել չեղարկել վճիռը:
Հայտնի է, որ իսլամիստները սպառնացել են սպանել դատավորներին, եթե նրանք արդարացնեն մարգարեին «վիրավորած» քրիստոնյային: Ուստի՝ վճռի հրապարակման օրը մայրաքաղաք Իսլամաբադում 300-ից ավելի ոստիկան է տեղակայվել դատավորների անվտանգությունն ապահովելու համար: