Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով
Международные новостиԱնհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Սկզբնապես մենք ասել էինք, որ աշխատանքային խումբ ստեղծելով Սաուդյան Արաբիայի հետ՝ մտադիր չենք դիմել միջազգային դատարան, սակայն այժմ տեսնում ենք, որ միջազգային հետաքննությունն անհրաժեշտ է: Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ բացահայտելու այս սպանության բոլոր հանգամանքները: Չենք պատրաստվում ո՛չ փակել այս գործը, ո՛չ գործարք կնքել»,- ասել է թուրք նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:
Ավելի ուշ Սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն հերքում են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը: