Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին
КультураՌեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը ընթերցասեր հանրության դատին հանձնեց «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
«Շատ երկար եմ սպասել այս աշխատության անգլերեն տարբերակին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած արժեքավոր գաղափար հաճախ պատահական է ծնվում: Դա պայմանավորված է գիտելիքների, իմացության, փորձառության հսկայական պաշարներով: Փելեշյանը երկու ոտքով կանգնած լինելով հողի վրա՝ միևնույն ժամանակ տիեզերական բարձունքից երկրագնդին նայելու անհավանական ունակություն ունի: Դա ապացուցում է, որ վարպետն իր միտքը զարգացրել է «վտանգավոր» աստիճանի: Մենք չէ, որ պետք է գնահատական տանք այս աշխատությանը, բայց, ըստ իս, այն ոչ միայն տեսություն է, այլև ընթերցողի միտքը կառավարելու լավագույն տարբերակ»,-նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը:
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ իրեն շատ է տպավորել Արտավազդ Փելեշյանի հատկապես առաջին թռիչքը:
«Հիշում եմ՝ նրա «Սկիզբը» ֆիլմը բացառիկ արժեք էր, որը միջազգային կինոփառատոնում ներկայացնում էր Խորհրդային ամբողջ կինոարտվեստը, և այն շարունակում է մնալ փելեշյանական հսկայական արվեստի առաջնեկը, և եզակի արվեստագետների է տրված ունենալ այդպիսի սկիզբ»,-շեշտեց Մանսուրյանը:
Արտավազդ Փելեշյանը հումորով ասաց, որ վստահ է՝ բոլորը անգլերեն գիտեն ու կկարդան գիրքը: Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, որոնք աջակցել են իրեն գրքի հրատարակության համար:
Գրքի ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2017 թվականին:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Սովորել է ՎԳԻԿ -ի ռեժիսորական ֆակուլտետում։ 1972 թվականին Լև Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» կինոնկարը:
Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները: Ուսանելու տարիներին նա նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» կինոնկարը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։