Շահումով խաղերից, տոտալիզատորներից շահում ստացող քաղաքացիները հարկվելու են եկամտային հարկով. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ
ОбществоԻրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Շահումով խաղերից, տոտալիզատորներից ֆիզիկական անձանց շահումները հարկել եկամտային հարկով:
Շահումով խաղերի, տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները նախատեսվում է վերանայել 2020 թվականի հունվարի 1-ից:
«Մասնավորապես՝ առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի, տոտալիզատորի գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ»,- ասվում է նախագծում:
Եթե հաշվի առնենք, որ նույն Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է եկամտահարկը դարձնել 23 տոկոս, ապա շահումով խաղերից, տոտալիզատորներից ստացվող շահումները կհարկվեն հենց 23 տոկոսով:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում քննարկվում էր «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Նախագծով առաջարկվում էր ՀՀ-ում օրենքով արգելել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, գրասենյակներն ու վիրտուալ տիրույթում հարթակները, սակայն փոփոխություններն ԱԺ-ի կողմից չընդունվեցին: