Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում
АналитикаՄինչ Սիրիայում տարբեր էթնիկ խմբեր, այդ թվում քրդերը, թուրքմեններն ու սիրիացի քրիստոնյաները երկրում մի քանի տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով ապաստան են փնտրում Թուրքիայում, սիրիահայերը խուսափում են մեկնել այդ երկիր: Այս փաստին անդրադարձել է թուրք լրագրող Սիբել Հուրթասը, ով Al-Monitor-ում հրապարակված հոդվածում գրել է այն մասին, թե ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից:
Լլրագրողը նշում է, որ Սիրիայում պատերազմի հետևանքով տեղի քրդերն ու թուրքմենները փորձեցին ապաստան գտնել հարևան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանն ու Թուրքիան: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում բնակվում է ավելի քան 3,5 մլն սիրիացի փախստական, որոնցում, սակայն, չկան հայեր:
Թուրք լրագրող Սերդար Քորուջուն, ով զբաղվում է Թուրքիայի սահմանին մոտ բնակեցված սիրիացի փախստականների հարցերի ուսումնասիրությամբ, Հուրթասին պատմել է, որ իր հետազոտությունների ժամանակ արձանագրել է հետաքրքիր մի փաստ. այդ փախստականների շարքում գրեթե հայեր չկան:
«Ես ինքս ինձ ասացի՝ սա չի կարող լինել միայն այն պատճառով, որ հայերը Սիրիայի բնակչության մեջ փոքր թիվ են կազմում, այստեղ մեկ այլ պատճառ կա»,- պատմել է նա: Ավելի ուշ Քորուջուն Թուրքիայում հանդիպել է մի սիրիահայի, ով ասել է, որ թեպետ Թուրքիայի սահմանն իրենց մոտ է, սակայն իրական կյանքում այն խիստ հեռու է իրենցից, և դրա պատճառը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն է:
«Սիրիահայերը 100 տարի առաջ Անատոլիայից փախել էին Հալեպ: Կոտորածի նրանց մասին հիշողություններն այնքան թարմ են, որ նրանք որոշել են չգալ Թուրքիա»,- պատմել է Քորուջուն, ով գիրք է հեղինակել «Հալեպից հեռու գտնվողները» վերնագրով:
Գրքի պատրաստման համար նա զրուցել է մի քանի տասնյակ սիրիահայերի հետ, որոնց պատմությունները հիմնականում նույնն են եղել. նրանք բոլորը վաղ տարիքից տատերից ու պապերից լսել են հիշողություններ ու վկայություններ 1915-ի կոտորածների մասին:
«Սիրիայում տեղի ունեցող պատերազմը մեր երկրորդ ցեղասպանությունն է: Իմ պապը վերապրել է առաջին ցեղասպանությունը, երբ նրանք 1915-ին Ուրֆայից փախան Սիրիա»,- պատմել է Լենա Շամիլյանիսեն:
«Որպես հայեր՝ մեր կյանքը լի է արկածներով ու ողբերգություններով, ասես սա է մեր ճակատագիրը: Ես մասնակցել եմ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին: Դրանք շատ ցավալի են, սակայն այդ ցավը նաև հիշեցնում է մեզ, որ մենք ուժեղ ենք»,- ասել է մեկ այլ սիրիահայ Սաղիկ Ռաստգելենյանը:
Քորուջուն նշել է, որ Սիրիայից փախչելու ճանապարհին Թուրքիայից խուսափելը ոչ միայն հիշողության պատճառով է, այլև ներկայում թուրքական պետության կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի հետևանք: «Սիրիահայերը կարծում են, որ եթե նրանք գան Թուրքիա, այստեղ նրանց լավ չեն վերաբերի»,- ընդգծել է Սերդար Քորուջուն: