Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն
ЭкономикаՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։
Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը մեր երկրում, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների շարունակական ներգրավումը Հայաստանի տնտեսությունում և կառավարման առաջադեմ մշակույթի ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական և աշխատանքային չափանիշների պահպանման կարևորությունը: Գյունթեր Պիլարսկին, կարևորելով Նիկոլ Փաշինյանի նախանշած ստանդարտների դերը, նշել է, որ ընկերությունը շարունակաբար աշխատում է գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: