Դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն մեր անկախության խորհրդանիշներից է․ ԿԲ նախագահը՝ ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
ЭкономикаՀայաստանի Ազգային պատկերասրահում այսօր նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի ներդրման 25-ամյակը։ «ՀայՓոստ»-ի կողմից մարվեց ու շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմայով նամականիշ, որը հաստատվեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի համատեղ ստորագրությամբ։
Մինչ այդ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորեց բոլորին ՀՀ ազգային արժույթի՝ դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Նա շեշտեց, որ այսօր բոլորի համար հպարտության օր է, քանի որ քաջ գիտակցում կա, որ հայկական դրամն ուղղակի վճարամիջոց չէ, այն նաև մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է:
Ըստ նրա՝ դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման:
«Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ և՛ ձևավորման, և՛ մաքրման, և՛ կայացման փուլերով: 25 տարում, իհարկե, եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում հայկական դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Լիահույս եմ՝ ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է:
Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին»,-շարունակեց ԿԲ նախագահը:
Ջավադյանը բոլորին շնորհավորեց նաև 2-րդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ՝ նկատելով, որ նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով և իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը::
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ինչպես նաև գործադիր մարմնի այլ ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ԿԲ նախկին նախագահները, ՀՀ տարբեր ժամանակների ֆինանսների նախարարներ ու բանկային համակարգի աշխատակիցներ։