Օրենքը չի արգելում, չի պարտադրում, իսկ նախկին պաշտոնյաներին փոխարինում են նորերը
ИнтервьюՀայաստանյան մի քանի բուհերի խորհուրդների կազմերը դեռ անփոփոխ են: Օրինակ՝ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմում դեռ շարունակում են մնալ նախկին պաշտոնյաներ. օրինակ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիել յանը, ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը և այլոք: ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի կազմն էլ շարունակում է գլխավոր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Զուգահեռ կան բուհեր, որոնց խորհուրդների կազմերում կան փոփոխություններ: Օրինակ՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական, ինչպես նաև Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում այսօր ՔՊ–ական փոխնախարարներ են, վարչապետի օգնականներ, նաև մարզպետ: Ունենք նաև բուհ, որտեղ փոխվել են ռեկտորները, և, օրինակ բուհ՝ ՀՊՏՀ–ն, որը դեռ կառավարում է այն ռեկտորը, ում վերաբերյալ հրապարակումներում ԲՈԿ–ը խնդրահարույց փաստեր է գտել:
Խոսելով նախ բուհերի ընդհանուր ապաքաղաքականացման գործընթացից՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Orer.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Ովքեր այս ընթացքում են նշանակվել ռեկտորի պաշտոնակատարներ, ՔՊ անդամներ չեն: Այսինքն՝ բոլոր տեղերում նշանակվել են մարդիկ, որոնք քաղաքական, կուսակցական ներգրավվածություն չունեն: Այստեղ հիմնական խնդիրը բուհերի կառավարման խորհուրդների մեջ է: Ներկայումս ընդհանուր միտումը հետևյալն է. արդեն ձևավորված նոր խորհուրդները մի փոքր ավելի ցածր պաշտոնում նշանակված մարդկանցով են համալրվում: Եթե առաջ նախարարներ էին, պատգամավորներ, նոր խորհուրդներում հիմնականում ընդգրկվում են փոխնախարարներ կամ վարչապետի խորհրդականներ»:
Թեև նշված միտումը կա, ըստ որի՝ ավելի ցածր պաշտոններում գտնվող մարդիկ են ընդգրկվում, բայց փորձագետը խորհուրդների կազմի վերաբերյալ այլ պատկերացում ունի: «Կցանկանայի, որ պաշտոնյաներ ընդհանրապես չլինեն խորհուրդներում: Իսկ ցանկացած բուհում մարզպետի ընդգրկելը ռեկտորի համար արդեն իսկ որոշակի կաշկանդող նշանակություն է ունենում: Խորհուրդների կազմում պետք է լինեն տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ, փորձագետներ, ֆինանսիստներ, կառավարման մասնագետներ, ինչու չէ՝ նաև հանրությանը հայտնի օբյեկտիվ և սկզբունքային մարդիկ: Մեծ հաշվով՝ այն մարդիկ, որոնց ներկայությունը խորհրդին ռեալ օգուտ կտա: Սկզբունքային մարդիկ պետք է ընդգրկվեն, որոնց վրա նախարարությունը կամ կառավարությունը չի կարող ճնշում գործադրել: Կուզենայի, որ խորհուրդներում լինեին ինքնուրույն մտածող մարդիկ, որոնց չես կարող ճնշել, մանիպուլացնել, որոնք միաձայն ձեռք չեն բարձրացնի, և կբարձրաձայնեն խնդիրների մասին: Եթե նման մարդկանց չբերեցինք, մենք ոչ մի պրոգրես չենք ունենա: Ընդամենը կունենանք ինչ–որ մարդկանց փոխարինում այլ մարդկանցով: Ամենակարևոր կետը սա է, որ ոչ թե կառավարելի մարդկանց ներգրավեն խորհուրդներում, այլ մարդկանց, որոնք խղճի մտոք են առաջնորդվում, հասկանում ոլորտի խնդիրներից»,–նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է վերոնշյալ բուհերի խորհուրդների այն կազմերին, որոնք ընդհանրապես դեռ անփոփոխ են, Սերոբ Խաչատրյանը նշեց. «Միանշանակ այդ կազմերն էլ պետք է փոխվեն: Նախարարությունն ու կառավարությունը պետք է այդ փոփոխությունները շատ արագ ձևով իրականացնեն, որովհետև հիմա տարեվերջ է, և բուհերը դեկտեմբերին կամ հունվարին պետք է խորհրդի նիստեր անեն: Այդ խորհուրդները պետք է շատ արագ ձևավորել, որովհետև արդեն 6–7 ամիս է, ինչ այդ բուհերում երևի խորհրդի նիստեր էլ չեն լինում: Ընդհանուր առմամբ՝ պետք է լինի փոփոխություն, որովհետև այսօր զբաղեցնում են պաշտոններ այն մարդիկ, որոնք նախկինում հրապարակային քննադատել են բուհերի քաղաքականացվածությունը: Եվ հիմա իրենք կոնկրետ քայլերով պետք է ցույց տան, որ ինչ ասել են նախկինում, հիմա իրականացնում են»:
Նշենք, որ ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող օրենքի, բուհի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: Այդուհանդերձ, այս օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնցով պաշտոնյաները չեն կարող ընդգրկվել խորհուրդներում: Հարցին, թե մինչև օրենքում նախատեսվող փոփոխությունները, կառավարությանն ի՞նչն է խագարում պաշտոնյաներին ուղղակի չընդգրկել խորհրդի կազմերում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Օրենքը կարևոր է, բայց որևէ խոչընդոտ չկա, որ այդ փոփոխություններն արվեն մինչև օրենքի ընդունումը: Որովհետև գործող օրենքը չի ասում, որ երկրի վարչապետը կամ նախարարը պետք է լինեն խորհրդի մեջ, օրենքն ընդամենը չի արգելում, դրա համար էլ օգտվում են այդ հնարավորությունից:
Բայց օրենքը նաև չի պարտադրում»: