Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Նոր Նորքի նորանշանակ թաղապետը
ЭкономикаԵրևանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Բացի այդ, հայտարարագրել է նաև «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հայկ Մհրյանի դրամական միջոցները կազմել են 49 000 ԱՄՆ դոլար և 8500 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 918 620 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 567 500 ՀՀ դրամ: Կենսաթոշակից ստացած եկամուտը կազմել է 1 451 120 ՀՀ դրամ:
Ստացված փոխառությունները (վարկերը) կազմել են 395 000 ՀՀ դրամ, 140 000 ՀՀ դրամ և 365 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ Հայկ Մհրյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 29–ին: Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա ոստիկանության փոխգնդապետ է և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով և մեդալներով: