Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի. Պյոտր Սվիտալսկի
ОбществоՀեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի՝ ապահովելով արտահայտվելու, հավաքների ազատություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանում կազմակերպված «Խոսքի ազատություն, որտեղ են սահմանները» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ:
«Առջևում նախընտրական արշավն է, մենք հույս ունենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնի հասցնել ատելության խոսքը, վերացնել այն, քանի որ ատելության խոսքը սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա: Մենք հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանին կհաջողվի հասնել քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտի»,- ասաց Պյոտրս Սվիտալսկին:
Դեսպանի խոսքով, իր տպավորությունն այնպիսին է, որ հիմա մարդիկ ավելի ազատ են: Ըստ նրա՝ ազատությունը ձևավորող կարևոր գործոն են լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական դասը:
«Եվրոպական դատարանի եզրակացություններից մեկն այն է, որ ազատ խոսքը պարտադիր չէ որ լինի քաղաքավարի, փափուկ, այն կարող է լինել կոպիտ, երբեմն ցավացնող, բայց դա էլ ունի իր սահմանները, հետևաբար պետք է հակադրվել դրան: Ինչպե՞ս հակադրվել, այս հարցի պատասխանը պետք է տան լրատվամիջոցները, քաղաքացական հասարակությունը, շահագրգիռ կողմերը»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
Խոսելով քաղաքական գործիչների մասին՝ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ նրանք պետք է հասկանան՝ քաղաքական գործընթացներում խոսքը լինելու է ավելի կոշտ և եթե չեն կարողանալու դա ընդունել, ապա ցանկալի կլինի զբաղվել այլ գործով:
«Այլ կերպ ասած քաղաքական գործչի կաշին պետք է փոքր-ինչ ավելի հաստ լինի»,-ավելացրեց Պյոտր Սվիտալսկին:
«Խոսքի ազատություն, որտեղ են սահմանները» խորագրով փորձագիտական քննարկումը կազմակերպվել է Խոսքի ազատության կոմիտեն: