Աճեմյանցիները թատերասերների դատին հանձնեցին «Ոչինչ չի մնա» հոգեբանական դրաման
КультураԳյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա» հեգաբանական դրաման` Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ: Հրաչ Քեշիշյանի համար սա մեծ բեմում արված առաջին բեմադրությունն է:
«Ոչինչ չի մնա» կինոպիեսի բեմադրությունը մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով՝ հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ։ Տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ։ Բեմադրության նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանին է, իսկ երաժշտության հեղինակն է Հայկոն:
«Շատ ուրախ եմ, որ հենց այս նախագծի վրա ենք աշխատել Հրաչ Քեշիշյանի հետ: «Ոչինչ չիմնա»-ն մեր լավագույն ֆիլմերից է եղել, իսկ այսօր արդեն բեմադրության տեսքով է: Երաժշտական մոտիվը մնացել է նույնը, բայց ամբողջովին նոր գործիքավորումներ են արվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկոն:
Հոգեբանական դրամայի մեջ զբաղված են երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանը, Մանե Մխոյանը, Ջեմմա Ադամյանը և Ներսես Ավետիսյանը:
Նորարարությունն ու դերասանական խաղը դիտելու էին եկել նաև հյուրեր Երևանից, նրանց թվում՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտանակատար Լիլիթ Մակունցը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Վստահություն եմ հայտնում, որ այս ներկայացումն ունենալու է շատ մեծ հանդիսատես: Հետաքրքիր ներկայացում է ու նոր թարմ շունչ հայկական թատրոնում: Դերասանական խաղը, դեկորները, ամեն ինչը շատ լավն է»,- իր տպավորությունները փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Այն, որ ներկայացումը ոչ միայն ստացված էր, այլ նաև կունենա երկար ընթացք, վկայում է ներկայացման ավարտին հանդիսատեսի հոտնկայս երկար ծափերն ու ջերմ ընդունելությունը։
Արմենուհի Մխոյան