Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մտցրել է արտակարգ դրություն առանց Գերագույն Ռադայի հաստատման. «ՌԻԱ Նովոստի»
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մտցրել է արտակարգ դրություն Ուկրաինայի ամբողջ տարածքում սկսած նոյեմբերի 28-ից՝ առանց Գերագույն Ռադայի հաստատման, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
Այսօր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը:
«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: