«Սարյանի հետքերով» ցուցահանդեսում բազմաբովանդակ աշխատանքներ ներկայացվեցին
Общество«Սարյան» արվեստի ստուդիայում սովորող տարբեր տարիքի երեխաներ իրենց երևակայական աշխարհը վառ գույներով պատկերել էին հետաքրքիր աշխատանքներում, որոնք ցուցադրվեցին «Սարյանի հետքերով» խորագրով ցուցահանդեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսը բացվեց դեկտեմբերի 1-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
«Դուստրս հեքիաթ է նկարել: Սարյանն էլ ունի հեքիաթների շարք: Երեխաները ուսուցման ընթացքում ծանոթանում են հեքիաթների, տպավորվում են դրանցից: Արևիկը ոգեշնչվել է նաև Սարյանի կտավներից և ստեղծել է իր հեքիաթը և մի նատյուրմորտ: Նա մեկ տարի է հաճախում այստեղ, և սա երկրորդ ցուցահանդեսն է, որին մասնակցում է: Կարծում եմ` երեխաների երևակայության զարգացման համար լավ հնարավորություն է ստեղծվում»,-նշեց ցուցահանդեսի մասնակից Արևիկ Անանյանի մայրը` Անուշ Մկրտչյանը, իսկ ութամյա Արևիկն ասաց, որ շատ է հավանում իր ընկերների ներկայացրած աշխատանքները. գուցե նկարչուհի դառնա:
«Դասընթացի արդյունքում սովորել եմ ավելի ճիշտ թղթերով աշխատել, ավելի հասանելի և ընկալելի դարձնել իմ նկարները: Այստեղ ներկայացրել եմ իմ պատկերացրած տիեզերքը, որում գերիշխում են կապույտի տարբեր երանգները»,-ասաց 13-ամյա Սլավա Սերոբյանը:
Ստուդիայի դասավանդող Լուսինե Գասպարյանը պատմեց, որ անցկացնում են նկարչական դասընթացներ, կարդում են դասախոսություններ արվեստի պատմությունից, ուսումնասիրում են գեղանկարչություն, քանդակագործություն:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` նա նշեց, որ տարբեր թանգարաններ այցելություններ են նախատեսվում: «Գնալու ենք ժամանակակից նկարիչների ու քանդակագործների արվեստանոցներ, արվեստի բարձրագույն հաստատություններ, ծանոթանալու ենք գեղանկարչության, կոլաժի, գծանկարի տեխնիկաներին»,-ընդգծեց Գասպարյանը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը երեխաներին հորդորեց ստեղծագործել: «Կարող եք ամեն բան այնքան հստակ չնկարել, ինչպես տեսնում եք: Դուք էլ պետք է ստեղծագործեք բնությանը, միջավայրին համահունչ: Չկա երկու մարդ, որ նույն բանը նույն կետից նույն կերպ նկարի, որովհետև ամեն մեկն ունի իր հոգին, սիրտը, ընկալումն ու զգացմունքները»,-շեշտեց նա:
Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնվեցին: