Լիտվան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Международные новостиԼիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ուրբաթ հայտարարել է, որ Վիլնյուսն ազգային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Սև ծովում տեղի ունեցած միջադեպից հետո:
«Մենք գիտենք, որ միջազգային կազմակերպությունները ոչ մի պատժամիջոց չեն ընդունել Ռուսաստանի գործողությունների դեմ, սակայն մենք մեր ազգային պատժամիջոցներն ենք ընդունել՝ ի նշան Կերչի նեղուցում տեղի ունեցած հարձակման դեմ բողոքի», -РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գրիբաուսկայտեն Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը:
Լիտվայի նախագահն ընդգծել է, որ հեշտ չէ առաջինը լինելը, ով պատժամիջոցներ է սահմանում: «Երբեմն հեշտ չէ առաջինը լինել, երբ պատժամիջոցներ ես սահմանում: Օրինակ` մենք անձնական սպառնալիքներ ենք ստանում Ռուսաստանից, մասնավորապես՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարն է ստացել», - ասել է նա: Վերջինս, սակայն, չի մասնավորեցրել, թե ինչ սպառնալիք է ստացել լիտվացի նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ռուսական կողմը 3 ուկրաինական ռազմանավ է կալանավորել Կերչի նեղուցում՝ ռուսական սահմանը հատելու մեղադրանքով: Երկու ամսով կալանավորվել են նաև բոլոր նավաստիները: