Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
Международные новостиՍաուդյան Արաբիան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննության շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի, հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլ ալ Ջուբեյրը արաբ միապետների գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս շաբաթ Թուրքիայի դատարանը Խաշոգջիի սպանության գործով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի 2 մերձավորների՝ ընդհանուր հետախուզության ղեկավարի նախկին տեղակալի Ահմեդ աս Ասիրիի եւ գահաժառանգի նախկին խորհրդական Սաուդ ալ Քահթանիի նկատմամբ հետախուզման եւ հեռակա կալանավորման որոշում էր ընդունել:
«Մենք չենք հանձնի մեր հպատակներին Թուրքիային Խաշոգջիի գործի քննության շրջանակում»,- ասել է սաուդցի նախարարը:
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան թուրքական կողմից Խաշոգջիի գործով պաշտոնական տեղեկություններ է պահանջել: «Մենք ցանկանում ենք պարզել Խաշոգջիի հետ տեղի ունեցածի ճշմարտությունը եւ այս գործով ոչինչ չենք թաքցնի»,- հավելել է ալ Ջուբեյրը: