ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող տարի 40–45 մլն կտնտեսվի. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում լուրեր են տարածվում, թե պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ մի նախաձեռնությամբ, ըստ որի՝ կվերացվի «բանակի քեֆ» հասկացողությունը: Շրջանառվող լուրերի վերաբերյալ փորձեցինք ստանալ ՊՆ պարզաբանումը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով նախ ընդգծեց
««Բանակի քեֆ»–ը կապ չունի պաշտպանության նախարարության հետ: Բացի այդ մարդիկ իրենց որդուն ուղարկում են ծառայելու հայրենիքին, ստանձնելու այդ կարևոր առաքելությունը: Չեմ կարծում, թե հարազատներով, ընկերներով հավաքվելն ավելորդ կամ անիմաստ միջոցառում է: Դա ընտանեկան միջոցառում է, որն այսպես, թե այնպես, կպահպանվի: Այսինքն՝ մենք այդտեղ խառնվելու որևէ իմաստ չենք տեսնում ու ավելին, կարծում ենք, որ դա շատ տրամաբանական և նորմալ է»:
Թեև, բնականաբար, նման նախաձեռնություն իրականում չկա, բայց կա մեկ ուրիշը, որի վերաբերյալ շշուկներն էլ հասարակության մեջ ձևափոխվել են «բանակի քեֆ»–ի... «Խոսքը վերաբերում է հունվարի 28–ին Հայոց բանակի օրվան նվիրված ավանդաբար կազմակերպվող համերգին: Համերգը բավականին մեծ ճոխությամբ էր արվում, մեծ միջոցառում էր կազմակերպվում: Մենք այս տարի քննարկեցինք, հասկացանք, որ երևի թե անիմաստ է ամեն տարի նման ճոխությամբ համերգ կազմակերպել, և բավականին մեծ գումարներ ծախսել այդ համերգի իրականացման վրա: Համերգի մասին կարելի է մտածել հոբել յանական տարիներին, օրինակ՝ 30–ամյակին, 40–ամյակին, իսկ մնացած տարիներին ուղղակի բավարարվել շատ ավելի համեստ պայմաններով և շատ ավելի համեստ միջոցառմամբ: Ենթադրենք՝ Բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությամբ, որին կմասնակցեն տարբեր մարդիկ՝ սկսած պետական կառավարման համակարգից, մինչև ազատամարտիկներ, զինհաշմանդամներ և այլն»,–հայտնեց Գ. Ալթունյանը:
Ճշտող հարցին, թե ՊՆ նախաձեռնությո՞ւնն է սա, Գ. Ալթունյանը պատասխանեց. «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էր միշտ իրականացնում այդ համերգը: Այս տարի նախարարի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ, երևի թե, իմաստ չունի նման ճոխությամբ համերգ կազմակերպել և գումարներ ծախսել այդ համերգի վրա: Ընդունելությունը շատ ավելի համեստ կլինի, շատ ավելի քիչ ծախս կպահանջի, բայց մթնոլորտն անմիջական կլինի և մարդիկ շատ ավելի հաճույքով կշփվեն իրար հետ, քան համերգի ընթացքում: Շատ ավելի հաճելի ժամանակ կանցկացնեն, կշնորհավորեն իրար: Մյուս կողմից էլ՝ բավականին մեծ գումարներ կկարողանանք տնտեսել, որոնք կուղղենք շատ ավելի առաջնային ծախսերի»:
Գևորգ Ալթունյանից հետաքրքրվեցինք՝ հաշվարկներ ունե՞ն, թե այդ համերգների կազմակերպման վրա տարիների կտրվածքով որքան գումար է ծախսվել:
Ի պատասխան՝ նա նշեց. «Այդպիսի հաշվարկ իմ ձեռքի տակ չկա, բայց էական գումարներ տնտեսելու մասին է խոսքը: Օրինակ՝ եկող տարի համերգ չկազմակերպելով և դրա փոխարեն ընդունելություն կազմակերպելով՝ մենք նախատեսում ենք մոտ 40– 45 միլիոն դրամ տնտեսել»:
Նա շեշտեց, որ նման համերգ կազմակերպելը միշտ էլ ծախսատար է եղել, և դա է պատճառը, որ որոշել են հրաժարվել համերգներից, և գումարները ուղղել առաջնային նպատակների:
Իսկ եղե՞լ են երգիչներ, որոնք, օրինակ, առանց որևէ գումարի են մասնակցել նախորդ համերգներին:
«Քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ զբաղվում եմ այդ համերգով, այդ իսկ պատճառով կարող եմ երկու տարվա կտրվածքով ասել: Գրեթե չենք ունեցել նման դեպք, բայց երգիչների հետ ունեցել ենք պայմանավորվածություն, որ նրանք, ի տարբերություն այլ միջոցառումների, շատ սիմվոլիկ գումարներով երգեն: Այնուամենայնիվ, վստահաբար չեմ կարող ասել, որովհետև ընկերություններն են կազմակերպում այդ համերգները, մենք հանդես ենք գալիս որպես պատվիրատու: Միգուցե եղել են դեպքեր, որ ինչ–որ երգիչներ առանց վճարի են երգել, այդ վիճակագրությունը չունեմ, բայց, ամեն դեպքում, գիտեմ մի բան, որ եղել է պայմանավորվածություն, որ բանակի հանդեպ վերաբերմունքը պետք է էապես տարբերվի այլ միջոցառումների հանդեպ վերաբերմունքից»,– ասաց Գ. Ալթունյանը՝ միաժամանակ հավելելով, որ բացի այդ հանգամանքից, ընդհանուր առմամբ, իրականում շատ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում այդ համերգի կազմակերպման համար:
«Տեխնիկական սարքավորումների վարձակալությունից՝ մինչև աշխատակազմի վարձատրություն: Մեծ հաշվով՝ մեծ ծախսեր էին, որոնք պարբերաբար կատարվել էին Բանակի օրվա համերգի հետ կապված»,– եզրափակեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում