Սկսվելու է հետհաշվարկը. ե՞րբ կառաջանա բալանսավորված քաղաքական դաշտ
ИнтервьюԹավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները, որտեղ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժը արձանագրեց իր ցուցանիշները: Այն ցուցանիշը, որը և սպասվում էր: Մեծ հաշվով՝ կարելի է ասել, որ այս խորհրդարանը քաղաքական բալանսավորվածություն, հավասարակշռություն չի ունենալու, ինչն էլ ունենալու է իր խնդիրները: Նման դիրքորոշում ունի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այդուհանդերձ, քաղաքագետն իրավիճակը հասկանալի է համարում, որովհետև առկա էր էյֆորիան, և այն չէր կարող անցնել մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:
Իսկ թե որո՞նք են վերոնշյալ հնարավոր խնդիրները, «Օրերի» հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց. «Հանրության այն հատվածի մոտ, որոնք հավատում են Նիկոլ Փաշինյանին, սպասումները շատ մեծ են: Փաստացի այդ սպասումների զոհը կարող է դառնալ նրա գլխավորած քաղաքական ուժը: Երկրորդը՝ Փաշինյանի համար հեղափոխությունն անսպասելի էր, և նա չունի մեծ թիմ, որը կկարողանա իրականացնել բոլոր գործընթացները: Իսկ խնդիրները բավականին խորքային են: Եվ կարծում եմ, որ այս իմաստով ժամանակը չի աշխատելու Փաշինյանի և իր թիմի օգտին: Չկան պրոֆեսիոնալ՝ մասնագիտացված իմաստով այնպիսի մարդիկ, որոնք ի զորու են խնդիրների շուրջ գործընթաց իրականացնել: Բացի այդ, նախ պետք է գիտակցել, թե ինչ խնդիրներ կան, դա էլ առանձին հարց է: Պետք է ընդգծել, թե ո՞րն է գլխավոր օրակարգը, որովհետև առկա խնդիրները նաև իրար հակասող են: Օրինակ՝ մի կողմից կոռուպցիայի դեմ պայքար, մյուս կողմից՝ ներդրումների խնդիր: Թվում է՝ փոխլրացնող խնդիրներ են, բայց նաև իրար խանգարող են. այն մթնոլորտում, ուր անընդհատ ասվում է՝ «այս կամ այն մարդուն ենք բռնել, այս կապիտալը մաքուր չէ», հասկանալի է, որ նման մթնոլորտում ներդրումները չեն կարող լայնամասշտաբ բնույթ կրել»:
Նրա խոսքով՝ նման շատ հարցեր կան, և այդ առումով Ն. Փաշինյանի և իր թիմի առջև բավականին դժվար խնդիր է դրված:
«Իրականում նախորդ 7 ամիսների բացթողումներն ու սայթաքումները երկրորդական են, որովհետև հանրությունը վերապահումով էր նայում այդ ամենին: Իսկ արդեն այս պահի դրությամբ՝ դեկտեմբերի 9–ից հետո, երբ Փաշինյանն արդեն ունի ամբողջական իշխանություն, սկսվելու է հետհաշվարկը: Հանրությունը հիմնական պատասխանատու համարելու է Փաշինյանին ու իր թիմին: Այսինքն՝ արդեն խանգարող ուժ չկա: Նույնիսկ պառլամենտում չկան ուժեր, որոնք տեսականորեն կարող են խոչընդոտել իր քաղաքականությանը»,–ասաց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել քաղաքական նոր դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին, որովհետև ընտրությունները դեռ նոր են ավարտվել: «Հասկանալի է, որ ԱԺ–ում հավաքված է հիմնականում Փաշինյանի թիմը: Այսինքն՝ հաշվի առնելով էյֆորիայի վիճակը՝ փաստացի գրավել է քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը: Այնուամենայնիվ, էյֆորիան խիստ ժամանակավոր երևույթ է, և ժամանակ հետո հանրությունը սկսելու է ավելի սթափ գնահատականներ պահանջել: Իսկ այդ ժամանակ արդեն նոր խնդիրներ են առաջանալու, որոնց լուծումները հանրությունը փորձելու է ման գալ և չգտնել խորհրդարանում: Այստեղ արդեն առաջ է գալու նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու պահանջը՝ արդեն խորհրդարանից դուրս: Եվ կարծում եմ, որ մեկ–մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը մեծ մասամբ կձևավորվի ԱԺ–ից դուրս»,–նշեց մեր զրուցակիցը:
Իսկ արտախորհրդարանական ուժերի հաջողությունը կամ անհաջողությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է իշխանության գործելաոճով: «Եթե իշխանությունը կարողանա կապիտալիզացնել այս էյֆորիան և երկրի զարգացումը ճիշտ ռելսերի վրա դնել, ապա, ըստ իս, արտախորհրդարանական ուժերի ձևավորումը կարող է ուշանալ: Սակայն այն, ինչ նշմարվում է այսօր, ցավոք դա ցույց չի տալիս, որովհետև փոխնակ երկիրը տարվի ավելի հանդարտեցման ճանապարհով, այն ավելի ցնցումային ճանապարհի վրա է դրվում: Եվ կարծում եմ, որ այսպես երկիրը կարող է լուրջ խնդիրների առաջ հայտնվել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով: Եվ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ձևավորման պահանջը ժամանակի ընթացքում կարող է մեծանալ»,–եզրափակեց Ե. Բոզոյանը: