ԱՄՆ Սենատը պահանջել է դադարեցնել Սաուդյան Արաբիային տրամադրվող ռազմական օգնությունը
Международные новостиԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որով նախատեսվում է դադարեցնել Եմենի քաղաքացիական պատերազմում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային տրամադրվող ռազմական օգնությունը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 56 սենատոր, դեմ՝ 41-ը: Այս հարցում դեմոկրատների կողքին են կանգնել 7 հանրապետական սենատոր: Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի պալատներից որևէ մեկը կիրառում է ռազմական լիազորությունների մասին 1973-ին ընդունված բանաձևը, որը սահմանափակում է ԱՄՆ նախագահի՝ առանց խորհրդարանի հետ համաձայնեցման զորքն օգտագործելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը ևս մեկ բանաձև է ընդունել Սաուդյան Արաբիայի դեմ՝ գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդին պաշտոնապես մեղադրելով ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ: