Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» ակցիայի ժամանակ ճանապարհային պատահարների հետևանքով 2 մարդ է զոհվել
Международные новостиԱռաջին զոհը մեքենայի վարորդ է: Նա մահացել է Բելգիայի սահմանին բեռնատարի հետ բախման հետևանքով, որը կանգնած է եղել «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցների արգելապատնեշի մոտ, գրում է РИА Новоасти-ն: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան, սակայն հրշեջ ծառայությունը տեղեկությունը հաստատել է միայն այսօր:
Երկրորդ զոհը 44-ամյա կին է, որը նույնպես մահացել է ճանապարհային դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է France Info-ն:
Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ ուրբաթ երեկոյան զույգը ընթանալիս է եղել Սուասոն համայնքի ուղղությամբ: Վարորդը, «դեղին անթև բաճկոնների» արգելապատնեշը տեսնելով, շրջադարձ է կատարել և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որտեղ բախվել է մեկ այլ մեքենայի: Մեքենայում եղած կինը մահացել է, իսկ տղամարդը կալանաքի տակ է առնվել:
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայում բարձրացել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը: Այսօր բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ձերբակալվել է ավելի քան 60 մարդ:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը: