Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելեսը» նվիրաբերելու է պետությանը, գործը կարճվելու է. Արթուր Վանեցյան
ОбществоՄենք տեղեկություն ստացանք, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերության վերաբերյալ, սա այն դեպքն է, որ հանցագործություն է, գրանցել են օֆշորում, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը: Պարզվեց, որ սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին է ու մայրը:
Այս մասին այսօր Ծաղկաձորում՝ ԱԱԾ-ի նախաձեռնած սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին,թե ինչ ընթացքում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի գործը:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ գույքի ձեռքբերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել ԱԱԾ-ի կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը:
«Դա մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի, Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, որ հիմքով կկարճվի»,-ասաց Վանեցյանը նշելով նաև, որ Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի:
Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը կողմնակից է, որ պետության հասցված վնասը վերականգնվի, ոչ թե անձը գնա և ազատազրկվի, եթե խոսքը պետությանը հասցված վնասի մասին է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: