Ադրբեջանը մեծ գին է վճարում Թուրքիային` Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար
TV«Մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ դիրքորոշումները չեն փոխվել. Հայաստանը նախկինի պես հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, տեսնում ենք նաև, որ Թուրքիայի արձագանքը, դիրքորոշումը ևս չի փոխվել. թուրքական կողմը խոսում է նախապայմանների լեզվով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ հավելելով, որ երեք նախապայմաններից երկուսը՝ Կարսի պայմանագրի ճանաչումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերից հրաժարվելը ուղիղ կերպով առնչվում են հենց Թուրքիային, չնայած այս փաստին՝ Թուրքիան առաջին պլան է մղում հենց երրորդ նախապայմանը՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցը, որն ուղիղ առնչություն չունի Անկարայի հետ:
Գաբրիելյանի խոսքով՝ Անկարան մի նժարի վրա է դնում Հայաստանը, մյուսի վրա՝ Ադրբեջանը, իսկ վերջինս չափազանց կարևոր երկիր է Թուրքիայի համար և միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում թուրքական տնտեսությունում:
«Իմ կարծիքով՝ Ադրբեջանը շարունակում է սնել Թուրքիային, որպեսզի վերջինս չբացի Հայաստանի հետ սահմանը, չբարելավի հարաբերությունները… Ադրբեջանը, կարելի է ասել, գին է վճարում Թուրքիային Հայաստանի հետ սահմանը չբացելու համար»,- ընդգծեց Գաբրիելյանը՝ փաստելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին 10-15 տարիներին վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու քաղաքականություն:
Գաբրիելյանը կարծում է, որ Բաքուն պատրաստ է անընդհատ գին վճարել ինչպես հայ-թուրքական սահմանը փակ պահելու, այնպես էլ այն բանի համար, որ Թուրքիան վերստին չպահանջի, որպեսզի Ադրբեջանը վերանայի Իսրայելի հետ իր հարաբերությունները: «Միևնույն ժամանակ սխալ է այն մոտեցումը, որ Ադրբեջանն է իրականում թելադրում Թուրքիային, վերջինս պարզապես իր շահն է առաջ տանում: Թուրքիան համարում է, որ պետք չէ հանուն Հայաստանի վատթարացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ վտանգի տակ դնելով օգուտները, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից գրեթե ոչինչ կարող ստանալ»,- հավելեց նա՝ նշելով, որ Թուրքիայում կա կարծիք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Ադրբեջանը կարող է կասեցնել գազի մատակարարումը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: