Արեգունի գյուղի շինություններում խաչքարերի բեկորներ են գտնվել
КультураԳեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված շինարարության ժամանակ հին պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս եկել, որոնք պահպանվում են Արեգունի գյուղի բնակիչ Հրանտ Աբգարյանի առանձնատան բակում: Իսկ խաչքարաբեկորներին շատ մոտիկ, Արեգունու վարչական շենքի դիմաց, Վարդենիս-Շորժա մայրուղու հարավային եզրին է տեղադրված հոգեւորականի պատկերով ու հայատառ արձանագրությամբ տապանաքարը, որը թվագրված է 1551 թվականով եւ նվիրված է Մակարիոսին:
Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, Արեգունին միջին դարերում կրել է Սատանախաչ անունը, որին մահմեդական բնակչությունը տվել է Գյունեյ օտարահունչ անվանումը: 1988 թվականի վերջերից գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով: Տեղի թուրքալեզու բնակչությունը ժամանակի ընթացքում, 18-20-րդ դարերի ընթացքում հասցրել է տարածքից ջնջել հայկականության հետքերը, սակայն հողի տակ կամ շինությունների պատերի մեջ պահպանվել են տապանաքար ու խաչքարների բեկորներ:
«Տապանաքարը գտնվում էր ցանկապատի ներսում՝ արձանագրության կողմը թաղված հողի տակ, գիր չպարունակող կողմը՝ հողի երեսին: Իսկ խաչքարերի բեկորները գտնվել են մեր համագյուղացի Հրանտ Աբգարյանին պատկանող գոմի պատերի մեջ: Արեգունու տարածքում նկատվում են հին գերեզմանոցների հետքեր, իսկ շինարարական աշխատանքների ժամանակ հողի տակից մարդկային կմախքներ են դուրս եկել: Չի բացառվում, որ առաջիկայում մեր գյուղի տարածքում ի հայտ գան հայկականության մասին վկայող պատմական նոր հուշարձաններ»,-պատմեց Սոս Հովհաննիսյանը: Հրանտ Աբգարյանի ներկայացմամբ՝ փլվել էր իրենց գոմի հողաշեն ու հին պատը, որը հարկ եղավ հեռացնել ու նորը կառուցել:
«Այդ փլվածքը վերացնելու ընթացում էլ քար ու հողի կույտերի միջից դուրս եկան խաչքարերի 3 բեկորները, որոնք այսօր պահպանվում են մեր հողամասի տարածքում: Քանի որ այդ բեկորների վրա գրի հետքեր չեն պահպանվել, չենք կարողանում հստակ ասել, թե որ ժամանակներում են պատրաստվել այդ խաչքարերը»,-նշեց Հրանտ Աբգարյանը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանի ներկայացմամբ՝ Արեգունիում գտնված տապանաքարի գիրը վերծանված է: Տապանաքարը, որը պատրաստվել է 1551 թվականին, նվիրված է հոգեւորական բարձր կոչում ունեցող Մակարիոսին: «Արեգունիում մենք ունենք պետական գրանցում ունեցող երկու հուշարձան՝ Մակարիոսի տապանաքարը եւ 17-րդ դարի մի խաչքար, որը գտնվում է նույն տապանաքարից մոտ 100 մետր հեռավորությամբ, կենտրոնական ճանապարհի եզրին: Ինչ վերաբերում է նորահայտ խաչքարերի բեկորներին, դրանք մեր կողմից կհաշվառվեն եւ կուսումնասիրվեն: Չի բացառվում, որ այդ գյուղում նոր կարեւոր հուշարձաններ ի հայտ գան, քանի որ երկարատև տիրապետության ընթացքում թրքախոս նախկին բնակիչները հայկական տապանաքար-խաչքարերը կամ որպես շինանյութ են օգտագործել, կամ ջարդուփշուր են արել, թաղել հողի տակ»,-ընդգծեց Գոռ Գասպարյանը:
Խոսրով Խլղաթյան