Ереван, 13.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Запасы газа в Германии упали до рекордного минимума Звезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили Коллинз Архимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в Арарате Госагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела Микаеляна Посольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД России Начался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РА Пашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системы В Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачей Глава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях SCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООН


Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին

Общество

Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին Ռոբերտ Քոչարյանն իր՝ «Կյանք և ազատություն» վերնագրով գրքում անդարդարձել է նաև հոկտեբերի 27-ի ոճրագործության հետ։ Նա մասնավորապես գրել է. Առավոտ Այդ օրն ինձ համար սկսվեց ղարաբաղյան կարգավորման խնդրով ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից: Ես ու Ալիևն արդեն մի քանի ամիս նոր գաղափարներ էինք քննարկում, որոնք վերջապես կկարողանային բանակցությունները շարժել մեռյալ կետից, ու հասել էր դրանք միջնորդներին ներկայացնելու ժամանակը: Ամերիկացիների պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը, իսկ մեր կողմից, բացի ինձնից, Վարդան Օսկանյանն էր, հանդիպմանը ներկա էր նաև Վազգեն Սարգսյանը: Վազգենին հատուկ էի հրավիրել. համենայնդեպս, կարգավորումը բարդ ու ցավոտ թեմա է, և իրականացումը պահանջում է պետության առանցքային դեմքերի ներգրավվածություն: Հասկանալով դա՝ ես միշտ ընթացքին տեղյակ էի պահում Վազգենին, Սերժին և, իհարկե, ԼՂՀ ղեկավարությանը: Հետաքրքիր ու խոստումնալից խոսակցություն ստացվեց: Երևում էր, որ միջնորդները, զգալով հաջողության հնարավորությունը, մտադիր են ամեն կերպ խրախուսել ու արագացնել գործընթացը: Երկու շաբաթ առաջ Մոսկվայում հանդիպել էի Ելցինի հետ, և նա էլ բանակցություններին լիակատար աջակցության պատրաստակամություն էր հայտնել: Մենք տարվեցինք մանրամասների քննարկումով, հանդիպումը նախատեսվածից մի քանի ժամ ավելի տևեց, ու երբ ավարտեցինք, հասել էր ճաշի ժամը: Վազգենին առաջարկեցի միասին մի կտոր բան ուտել: Բարձրացանք ինձ մոտ, ճաշեցինք ու նույնիսկ մի-մի փոքրիկ բաժակ օղի խմեցինք, ինչն ինձ երբեք աշխատանքային ժամերին թույլ չէի տալիս: Երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր, Վազգենը նույնիսկ ոգևորված էր: Նոր գաղափարներն ու միջնորդների վերաբերմունքը դրանց կարգավորման հարցում լրջորեն առաջ գնալու իրական հնարավորություն էին բացում: Տեսնում էի, որ Վազգենն ուզում է խոսել, քննարկել անցած հանդիպումը, ուստի առաջարկեցի. «Գուցե մի քի՞չ էլ նստենք», բայց Վազգենը ժամացույցին նայելով՝ ասաց. «Ժամը չորսն է դառնում: Պիտի խորհրդարան գնամ: Պապին կնեղանա, որ էնտեղ չլինեմ: Իսկ եթե երեկոյան շարունակե՞նք»: Նա նեղ շրջանում Կարեն Դեմիրճյանին էր պապի ասում: Այդ օրը խորհրդարանում կառավարության ավանդական հանդիպումն էր պատգամավորական կորպուսի հետ, որի ընթացքում կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, պատասխանում է պատգամավորների հարցերին: Այդպիսի հանդիպումները Ազգային ժողովի կանոնակարգի մասին օրենքի համաձայն տեղի էին ունենում երկու շաբաթը մեկ, սկսվում էին 16:00-ին ու տևում 1,5 ժամ: «Լավ, եթե կնեղանա, արի… երեկոյան հանդիպենք»,- ասացի Վազգենին: Այդ պայմանավորվածությամբ էլ բաժանվեցինք: Աղետ Որոշ ժամանակ անց սկսվեց երկրորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանս դ’Արտինգի հետ, որին լավ էի ճանաչում դեռևս Լեռնային Ղարաբաղից: Դեռ կես ժամ էլ չէինք զրուցել, երբ դուռը բացվեց, ու Ալեքսան Հարությունյանը՝ աշխատակազմի ղեկավարը, նշանացի կանչեց ինձ: Որ մեկը այսպես ընդհատի նախագահի հանդիպո՞ւմը… Չտեսնվա՜ծ դեպք էր: Դուրս գալով՝ առաջին իսկ հայացքից հասկացա՝ շատ լուրջ բան է պատահել: Կտավի պես ճերմակած Հարությունյանը հուզմունքից մի կերպ էր խոսում. նրան հենց նոր խորհրդարանից հայտնել էին, որ նիստի ժամանակ ինչ-որ մարդիկ խուժել ներս ու կրակ են բացել: Քանի որ դահլիճից ուղիղ հեռարձակում էր գնում, բոլոր ունկնդիրները վկա էին դարձել ներխուժմանը: Վերջին բանը, որ նրանք լսել էին, ավտոմատի կրակահերթերն էին: Հետո հեռարձակումը կտրուկ ընդհատվել էր: Հարությունյանն ասաց, որ համարյա ոչինչ չի կարողացել պարզել: Կարծես թե կառավարությունն ու խորհրդարանը պատանդ են, սպանվածներ ու վիրավորներ կան: Ես անմիջապես ընդհատեցի հանդիպումը: Ասացի, որ արտակարգ դեպք է պատահել, ներողություն խնդրեցի ու դուրս եկա: Ալիկի ստացած տեղեկությունները չափազանց սուղ էին: Ես վազեցի իմ աշխատասենյակ ու նետվեցի դեպի հեռախոսը՝ պարզելու, թե ինչ է կատարվում խորհրդարանում: Մանրամասներ էին պետք. քանի ահաբեկիչ է թափանցել շենք, որտեղ են հիմա նրանք, ինչպիսին են նրանց պահանջները, քանի մարդ է զոհվել, քանիսն են վիրավոր, ինչ վիճակում է Վազգենը: Փորձում եմ կապվել ներքին գործերի նախարարի հետ. տեղում չէ: Ուր է՝ ոչ ոք չգիտի: Զանգում եմ պաշտպանության նախարարին՝ նույն պատկերը: Ոչ մեկին գտնել չեմ կարողանում: Տարօրինակ է. կարծես թե բոլորը Հայաստանում են, բացի Սերժ Սարգսյանից. նա մեկնել է Ղարաբաղ: Զանգում եմ բոլոր հնարավոր ծառայություններ: Վերջապես հաջողվում է կապվել ներքին գործերի և անվտանգության նախարարների տեղակալների հետ, բաց դա պարզություն չի մտցնում. նրանցից ոչ մեկը չի տիրապետում իրավիճակին: Ոչ մի ուժային գերատեսչություն չունի տեղի ունեցածի հստակ պատկերը՝ քանիսն են ահաբեկիչները, քանի սպանված կա, քանի վիրավոր, քանի պատանդ: Շուտով պարզվեց ահաբեկիչների պարագլխի անունը՝ Նաիրի Հունանյան: Նա էր դահլիճը գրավելուց հետո զանգել տարբեր մարդկանց, ասել, որ ոչնչացրել է Հայաստանի թշնամիներին, ու կոչ էր արել ժողովրդին հավաքել խորհրդարանի շենքի մոտ: «Դաշնակցություն» կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանին էլ էր զանգել: Հրանտը հեռախոսազանգի մասին անմիջապես հայտնել էր անվտանգության մարմիններին և իմ աշխատակազմի ղեկավարին: Ահաբեկիչների թիվը, նրանց շարժառիթներն ու պահանջները անհայտ էին մնում: Ավելի ուշ պատանդ պատգամավորներից մեկը՝ Մարտուն Մաթևոսյանը, զանգեց Ալիկ Հարությունյանին ու հեռախոսը փոխանցեց ահաբեկիչների ղեկավարին: Հունանյանը պահանջում էր, որ ես անհապաղ գնամ խորհրդարանի նիստերի դահլիճ: Շուտով տեղեկություն ստացվեց, որ դահլիճում բազմաթիվ զոհվածներ կան, ու նրանց թվում՝ Վազգեն Սարգսյանը: Տեղեկությունը հայտնել էին գրավման պահին դահլիճում աշխատող լրագրողները, երբ ահաբեկիչները նրանց բաց էին թողել: Տեսնելով, որ ահաբեկիչներին զինաթափելու ուղղությամբ որևէ համակարգված գործողություն չի կատարվում, տեղի ունեցողի մասին հավաստի տեղեկատվություն չի ստացվում, որոշեցի, որ պետք է գնալ այնտեղ, տեղում պարզել ամեն ինչ և գործել ըստ իրավիճակի: Թիկնազորիս պետ Գրիշա Սարգսյանին ասացի՝ վե՛րջ, գնում ենք խորհրդարան: Նա մի քիչ ժամանակ խնդրեց անվտանգությունն ապահովելու համար՝ որպեսզի իր մարդկանց ուղարկի այնտեղ, տեսնեն՝ կոնկրետ ուր կարելի է մտնել, ինչպես տեղավորվել և այլն: Տասնհինգ րոպեից զեկուցեց, որ ամեն ինչ պատրաստ է: Աշխատակազմում ինձ, իհարկե, փորձեցին հետ պահել. «Ինչպե՞ս: Ո՞ւր: Չի՛ կարելի», բայց ուրիշ ելք չէի տեսնում: Իրավիճակը կրիտիկական էր, բազմաթիվ պատգամավորների կյանքը՝ վտանգի տակ, ու պետք էր շտապ ինչ-որ բան անել: Ժամը 19:00-ին արդեն խորհրդարանում էի: Ահաբեկիչների զինաթափման գործողությունը Առաջինը, որ աչքի զարնեց, բազմաթիվ խուճապահար, աննպատակ դեսուդեն ընկնող մարդիկ էին: Ամբողջ բակը լցված էր պաշտպանության նախարարության ինչ-որ սպաներով, «Երկրապահի» նեկայացուցիչներով, համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդկանցով, ոմանք զինված էին: Խիստ բորբոքված՝ նրանք այսուայնկողմ էին վազում, ինչ-որ բան գոռում: Ամենուրեք՝ բակում, միջանցքներում, քաոս էր: Հպանցիկ այնտեղ տեսա նաև շարունակ Վազգենի շուրջը պտտվող մարդկանց. այն «խայտաբղետ կոնտինգենտի» մի մասը, որն իր մոտ էր պահում, որպեսզի կարողանա վերահսկել: Բայց այդ շփոթահար, անընդհատ աննպատակ պտտվող զանգվածի մեջ չտեսա և ոչ մեկին նրանցից, որ ծառայության բերումով պարտավոր էին կանոնակարգել ու հսկողության տակ վերցնել այդ իրավիճակը: Առաջին իսկ պահից հասկանալի էր մեկ բան. ահաբեկիչները գրավել են դահլիճն ու պատանդ վերցրել պատգամովրներին, բայց դահլիճից դուրս ոչ ոք չկա: Գնացի Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակ ու այնտեղ կանչեցի բոլորին, ում կարողացել էի գտնել՝ ռազմական ոստիկանության պետին, որը շենքում էր, ներքին գործերի և ազգային անտանգության նախարարների տեղակալներին, որոնց զանգահարել էի դեռ մինչև խորհրդարան գնալը: Պաշտպանության նախարարն ու ներքին գործերի նախարարը այդպես էլ չհայտնվեցին: Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին անմիջապես նշանակեցի ընդհանուր կարգուկանոնի պատասխանատու: Առաջին հերթին հանձնարարեցի շենքն անհապաղ մաքրել բոլոր պարապ թրև եկողներից ու ողջ պարագծով շրջափակել խորհրդարանը: Ասացի, որ երբ կես ժամից դուրս գամ, շենքում ոչ մի կողմնակի մարդ չպիտի լինի: Հրամայեցի բոլոր զինվորականներին ուղարկել պաշտպանության նախարարություն: Դեմիրճյանի աշխատասենյակը վերածվեց հակաահաբեկչական գործողության շտաբի: – Քանի՞ ահաբեկիչ կա դահլիճում,- հարցնում եմ իմ դիմաց նստած մարդկանց: Բոլորը ուսերն են թոթվում: Ոչ ոք ստույգ չգիտի՝ յո՞թ, ո՞ւթ, իսկ գուցե հի՞նգ: Անմիջապես ստուգիչ անցակետից պարզեցինք, որ զինված խումբը խորհրդարանի շենք է մտել միանգամայն օրինական՝ անցաթղթերով: Դրանք լրացրել էր ԱԺ վարչակազմի աշխատակցուհին՝ պարագլխի՝ Նաիրի Հունանյանի խնդրանքով, իբր պատգամավորների հետ հանդիպման համար: Սղոցած խզակոթերով ավտոմատները Հունանյանն ու հանցակիցները ներս էին տարել անձրևանոցների տակ պահած: Արագ պարզեցինք խմբի մյուս անդամների ինքնությունը. պարագլխի փոքր եղբայրը, քեռին և էլի երկուսը: Ընդամենը հինգ հոգի: Հանձնարարեցի գտնել այդ մարդկանց հարազատներին ու կապվել նրանց հետ՝ տեսնենք կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել ահաբեկիչների վրա ու չե՞ն տիրապետում արդյոք որևէ արժեքավոր տեղեկատվության: Պետք էր պարզել ընկերների ու ծանոթների շրջանակը, ամեն ինչ, որ կարող էր նշանակություն ունենալ ստեղծված իրավիճակում: Անհրաժեշտ էր ստուգել՝ ահաբեկիչները հանցակիցներ չունե՞ն, մեզ նոր անակնկալներ չե՞ն սպասում: Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, խումբը մեկուսացված է գործել և արտաքին աջակցություն չունի: Ես պահանջեցի շենքի հատակագիծը, որպեսզի պարզենք՝ է՞լ ինչ մուտքեր կան դեպի դահլիճ: Կապ կա՞ դահլիճի հետ, այնտեղից տեղեկատվություն ստացվո՞ւմ է: Հնարավո՞ր է խոսափողեր տեղադրել կամ էլ միացնել եղածները՝ լսելու և հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներսում: Անվտանգության ծառայությունից տեխնիկայի մասնագետներ եկան, լսող սարքեր դրեցին, ու սկսեցինք լիարժեք ինֆորմացիա ստանալ դահլիճից: Կարճ ժամանակ անց բոլոր ծառայությունները սկսեցին հստակ ու համակարգված աշխատել: Իրավիճակն ավելի ու ավելի էր հստակվում, և գլխավորը՝ մենք արդեն վերահսկում էինք այն: Ես հանձնարարեցի հատուկջոկատայիններին պատրաստել հնարավոր գրոհի համար: Ահաբեկիչներն ակնհայտորեն հետագա գործողությունների ծրագիր չունեին: Պետք է հասկանայի՝ ինչ մարդիկ են, ինչպես կարելի է նրանց համոզել, որ ցած դնեն զենքն ու հանձնվեն: Հիմա արդեն ժամանակը մեր օգտին էր աշխատում: Հետագայում պատանդառված պատգամավորներից մեկը ինձ պատմեց, որ ժամը 19:00-ից հետո իրենք հասկացել էին՝ ինչ-որ բան է փոխվել, իսկ իմ խորհրդարան գալու մասին լուրը նրանց բարեհաջող ելքի հույս էր ներշնչել: Ի վերջո, հաջողվեց լրիվ վերականգնել կատարվածի պատկերը: Հարցուպատասխանի ընթացքում, երբ ամբիոնի մոտ է եղել ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, նիստերի դահլիճ են խուժել զինված մարդիկ ու հենց շեմից կրակ բացել: Առաջին իսկ կրակոցներով սպանվել է Վազգեն Սարգսյանը: Հենց նրան են նշան բռնել, բայց կրակահերթերի տակ են ընկել բոլոր նրանք, ովքեր նստած են եղել նրա թիկունքում: Նրանց մեջ էր Լեոնարդ Պետրոսյանը՝ ինձ հարազատ մարդ, ում հետ երկար տարիներ ընկերություն էինք արել ու միասին անցել բոլոր փորձությունները Ղարաբաղում: Դիմահար գնդակահարել էին Կարեն Դեմիրճյանին: Դեմիրճյանը նստած էր նախագահությունում, տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կատարվածից ապշած վեր կենում ու փորձում ինչ-որ բան ասել ներխուժածներին. ահաբեկիչներից մեկը անմիջապես շրջվում է նրա կողմն ու կրակահերթ արձակում: Ահաբեկիչները չափազանց գրգռված էին՝ վախի՞ց, թե՞ ալկոհոլի ազդեցության տակ: Դա երևում էր նրանց նյարդային անկանոն շարժումներից, հայհոյանքից ու հիստերիկ բղավոցներից: Դահլիճում նկատված ամենափոքր շարժմանն արձագանքում էին կրակահերթով: Բոլոր նրանց, ովքեր իրենց հրամանով անմիջապես չէին պառկել գետնին, ու բոլորին, ովքեր վայրկենապես չէին քարացել, ովքեր թեկուզ մի քիչ շարժվել էին, սպանել էին ներխուժման առաջին մի քանի րոպեներին: Արյունոտ հաշվեհարդարից հետո, շարունակելով ավտոմատի փողերի տակ պահել դահլիճում գտնվողներին, հայտարարել էին, որ բոլոր պատգամավորները պատանդ են: Իրենց գործողությունները պետական հեղաշրջում էին անվանում և ուղիղ եթեր պահանջում՝ կոչով ժողովրդին դիմելու համար: Սպանվել էր ութ հոգի, նույնքան էլ վիրավոր կար, և իննսունից ավելի մարդ պատանդ էր վերցվել: Ավելի ուշ ինձ հայտնեցին, որ Հունանյանը ծանոթ է քաղաքական գործիչներից շատերին, հաճախ է հանդիպել ու զրուցել նրանց հետ: Փորձել էր քաղաքական կարիերա անել, բայց այդպես էլ չէր հաջողել: Սրընթաց թռիչք էր երազում, բայց աջակցություն չէր գտել կուսակցություններից ոչ մեկի կողմից: Փորձել էր տեղավորվել Դաշնակցությունում, բայց նրան արագ վռնդել էին: Անսահման ու չիրացված հավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին է արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «նեխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառնալիք էր համարում Վազգեն Սարգսյանին: Միևնույն ժամանակ, նա և հանցակիցները համոզված էին, որ ժողովուրդն այնքա՜ն է ատում իշխանությունը՝ հանձին «Միասնության», որ հերիք է գլխատի այն, մարդիկ կլցվեն փողոցներն ու կսկսեն շնորհակալություն հայտնել իրենց փրկիչներին: Նրանց թվում էր՝ հերոսական արարք են կատարում՝ վերացնում են ատելի ռեժիմը: Նրանք սպասում էին, որ հիմա ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի իրենց պաշտպանելու, կշրջապատի խորհրդարանի շենքն ու իրենց ձեռքերի վրա դուրս կբերի որպես հերոսների: Ըստ երևույթին, հենց այդ պատճառով, հաշվեհարդրից քսան րոպե անց, Հունանյանը հանկարծ որոշել էր դահլիճից բաց թողնել հավատարմագրված լրագրողներին: Նրանց պատվիրել էր ժողովրդին տեղեկացնել կատարվածի մասին ու բոլորին կոչ անել, որ հավաքվեն խորհրդարանի մոտ: Ականատեսները պատմում էին, որ Հունանյանն ու նրա հանցակիցները անընդհատ հարցնում էին. «Իսկ ո՞ւր է ժողովուրդը», նրանց զարմացնում ու վշտացնում էր, որ ոչ ոք չի գնահատում իրենց հերոսությունը, և հետևորդների ամբոխները բոլոր կողմերից չեն պաշարել խորհրդարանը: Բայց ամեն ինչ հանցագործների սպասածին հակառակ գնաց, ու նրանք սկսեցին նահանջի ուղիներ փնտրել: Սկսեցին խոսել թուրքական սահմանն անցնելու երաշխիքների և այլևայլ անհեթեթությունների մասին: Հենց այդ ժամանակ էլ պատանդներին կարգադրեցին դահլիճից զանգել և իրենց պահանջները փոխանցել մեզ: Առաջին զանգողներից մեկը Անդրանիկ Մարգարյանն1 էր, որն այն ժամանակ ղեկավարում էր «Միասնություն» դաշինքի խմբակցությունը: Այդ ընթացքում ահաբեկիչների հետ կապ էր հաստատել անվտանգության նախարարի տեղակալ Գրիգոր Գրիգորյանը, որը դահլիճում էր՝ փոխարինելով բացակայող նախարարին: Հենց նա էլ իրեն միջնորդ էր առաջարկել ինձ հետ բանակցություններում: Բնազդով զգում էի, որ պետք է ժամանակ ձգել. գերգրգռված վիճակը երկար տևել չի կարող և, որպես կանոն, փոխվում է ապատիայի: Փորձեցի պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կզգա այսպիսի բան արած մարդը: Ավելի շուտ պիտի սկսի վախ զգալ՝ գիտակցումից, որ անուղղելի բան է արել: Ահաբեկիչների խոսակցություններից ու պահվածքից նկատեցի, որ գրգռվածությունն աստիճանաբար մարում է: Պետք էր սպասել: Դահլիճի գրոհը կարող էր բերել նոր զոհերի. հանցագործներն այլևս կորցնելու ոչինչ չունեին: Որպես գործողության ղեկավարումը ստանձնած մարդ՝ գիտակցում էի, որ նման բան թույլ չպիտի տամ: Իսկ մինչ այդ շարունակում էինք բանակցությունները՝ ահաբեկիչներից քայլ առ քայլ փոքրիկ զիջումներ կորզելով: Վիրավորներին արդեն բաց էին թողել, հիմա պետք էր համոզել, որ դուրս բերվեն դիակները. նրանք համաձայնեցին: Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես բազմաթիվ անգամներ տեսել էի կինոյում: Միայն այն տարբերությամբ, որ հիմա ոչ թե հանդիսատես էի, այլ գործող անձանցից մեկը: Ու հենց նոր կորցրել էի երկու հարազատ մարդկանց, որոնց հետ աղուհաց էի կիսել ամենադժվար ու վտանգավոր տարիներին. Վազգենին ու Լեոնարդին: Այդ ընթացքում ինձ զանգեցին Ելցինն ու Շևարդնաձեն. իրավիճակից էին հարցնում: Աջակցություն հայտնեցին և օգնություն առաջարկեցին: Շնորհակալություն հայտնեցի ու կարճ, երկու խոսքով նկարագրեցի վիճակը: Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էր Ելցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում: Տեր-Պետրոսյանն էլ զանգեց, ասաց, որ հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունն ու պատրաստ է աջակցելու: Ես շնորհակալություն հայտնեցի ու մտածեցի, որ երբ ամեն ինչ կարգավորվի, պետք է հանդիպել նրա հետ: Խնդիր էի դրել կենդանի վերցնել բոլոր հինգ ահաբեկիչներին: Դա կարևոր էր նաև այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն հասկանում էի՝ ինձ համար լուրջ խնդիրներ են սկսվում: Ամբողջ գիշերվա ընթացքում, քանի դեռ բանակցություններ էին ընթանում հանցագործների հետ, իսկ պատանդները դահլիճում էին, այդպես էլ չկարողացա գտնել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ու ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանին: Հասկանում էի, որ դա պատահական չէ: Աբրահամյանը, ինչպես պարզվեց, պատանդների մեջ էր եղել, բայց վիրավորներին դուրս բերելիս սողալով դուրս էր եկել նիստերի դահլիճից ու անհետացել էր: Փախել էր՝ իր ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն: Մի պահի զեկուցեցին, որ պաշտպանության նախարարության շենքում աներևակայելի ակտիվություն է նկատվում. մարդկանց մի մեծ խումբ հավաքվել է այնտեղ ու ինչ-որ բան են քննարկում: Այսինքն՝ մենք այստեղ՝ խորհրդարանում, փորձում ենք հանգուցալուծել իրավիճակը, ահաբեկիչները զինաթափված չեն, զոհվածների դիակները դեռ դահլիճում են, իսկ նախարարությունում այդ ընթացքում ինչ-որ բուռն ժողով է գնում: Հենց այնտեղ էլ հայտնաբերվեց անհետացած ներքին գործերի նախարարը: Այնտեղ էին ժամանել նաև մի խումբ ՀՀՇ-ականներ, որ իշխանության էին եղել Տեր-Պետրոսյանի օրոք, այդ թվում և նախկին օդիոզ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Մի խոսքով՝ նախարարությունում էին հավաքվել ինձնից դժգոհ բոլոր մարդիկ, բոլոր նրանք, ում տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով պատժել էի, բոլորը, որ իմ պատճառով պաշտոն էին կորցրել: Միացել էին նաև նրանք, ովքեր կարծես ոչինչ չէին կորցրել, բայց միշտ վախեցել էին ինձնից, դրա համար էլ պտտվում էին Վազգեն Սարգսյանի շուրջը՝ համարելով, որ նրա հետ մտերմությունը ապագայում անվտանգություն կապահովի իրենց համար: Հիմա այդ ամբողջ հասարակությունը հավաքվել պաշտպանության նախարարությունում ու ժողով էր անում՝ որոշելով, թե ինչպես օգտագործեն ընթացիկ վիճակը, քանի դեռ նախագահը զբաղված է խորհրդարանում ահաբեկիչների վնասազերծումով: Պաշտպանության նախարարն էլ գտնվեց. այդ խառնաժողովի ամենաակտիվ մասնակիցներից էր: Պատահական մարդիկ էլ էին հայտնվել այնտեղ, ովքեր նախարարության շենք էին եկել, որ իմանան՝ ինչ է կատարվում խորհրդարանում, ու ոչ մի կապ չունեին իմ թիկունքում ընթացող անդրկուլիսյան հավաքույթի հետ: Նրանք զանգում ինձ ու ասում էին. «Այստեղ խնդիր է հասունանում»: Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրենից երևելի ոչինչ չէր ներկայացնում: Ամբողջ պատերազմի ընթացքում մեր պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր եղել Ռուսաստանում, այնտեղ էլ հասել էր գեներալի աստիճանի: Այստեղ մարդիկ կռվում էին, իսկ նա ապրում էր Մոսկվայում, զբաղվում մատակարարման հարցերով: Երբ մեր պատվիրակությունները մեկնում էին Մոսկվա, նրանց ռեստորան էր տանում. դա նրա պարտականությունների կարևոր մասն էր: Դրա համար էլ անունը «ռեստորանային գեներալ» էին դրել: Պաշտպանության նախարարի պաշտոնին Հարությունյանին առաջարկեց Վազգեն Սարգսյանը: Ես լուրջ կասկածներ ունեի նրա թեկնածության վերաբերյալ ու Վազգենին ասացի, որ բնավ լավագույն տարբերակը չէ: Պատերազմը նոր-նոր էր վերջացել, ու ես համարում էի, որ այդ պաշտոնում մարտական փորձ ունեցող մարդ է հարկավոր, հակառակ դեպքում նրանք, որ կռվել են, նրան չեն հարգի: Վաղարշակը բացասական զգացումներ չէր հարուցում, բայց նրա մեջ ինչ-որ լպրծուն բան էի տեսնում, ու բոլորովին մարտական սպայի տպավորություն չէր թողնում, որի վրա կարելի էր հենվել: Վազգենի միակ համոզիչ փաստարկն այն էր, որ այնպիսի մարդ է հարկավոր, որին Ռուսաստանի զինվորական ղեկավարությունն արդեն ճանաչում է, և որը կկարողանա հեշտ պայմանավորվել զինվորական համագործակցության բոլոր հարցերով: Դա իրոք կարևոր էր, և արդյունքում համաձայնեցի՝ համարելով, որ զորքերի իրական ղեկավարությունը կստանձնի գլխավոր շտաբը: Այդ ընթացքում պաշտպանության նախարարության խառնաժողովը շարունակվում էր, ու ես նոր տագնապալի ահազանգեր էի ստանում: Պաշտպանության նախարարությունից ինձ հետ չհամաձայնեցված հրամաններ ուղարկվեցին Երևանի շրջանի զորամասերին՝ ստորաբաժանումները մարտական պատրաստության բերելու և ճանապարհներին պահակակետեր դնելու մասին: Նորից փորձեցի կապվել պաշտպանության նախարարի հետ. ապարդյո՛ւն: Այդ ժամանակ ուղղակի կարգադրություններով չեղարկեցի այդ բոլոր հրամանները, ինչն այնքան էլ դժվար չէր՝ նկատի ունենալով պաշտպանության նախարարի չափազանց ցածր հեղինակությունը: Զորամասի հրամանատարները առաջին հերթին զանգում էին աշխատակազմ, ասում էին՝ անհասկանալի հրամաններ են գալիս նախարարությունից, ի՞նչ անենք: Երկրի համար ողբերգական ու բարդագույն իրավիճակում ստիպված էի զբաղվել ոչ միայն ահաբեկիչների վնասազերծմամբ, այլև մեր իսկ պաշտպանության նախարարության ապակառուցողական գործողությունները չեզոքացնելով: Առաջնահերթը, իհարկե, պատանդներին ազատելն էր, բայց արդեն հասկանում էի, որ այդ ամենով պետք լրջորեն զբաղվել, որ խորհրդարանից անմիջապես գնալու եմ պաշտպանության նախարարություն: Բայց նրանք ինձ կանխեցին: Երեկոյան ժամը ութի կողմերը զեկուցեցին, որ պատվիրակություն է եկել պաշտպանության նախարարությունից, ուզում են հանդիպել ինձ հետ: Զարմացա, բայց ասացի, որ սպասեն. ինձ զեկուցում էին հերթական տեղեկատվությունը դահլիճի մասին: Տասը րոպեից ներս հրավիրեցի: Մտան յոթ-ութ հոգի, շարքով կանգնեցին. նստել չառաջարկեցի: Պատվիրակների մեջ էր Ալիկ Պետրոսյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալն ու «Երկրապահի» նախագահի տեղակալը: Նորմալ, բայց ոչնչով առանձնապես աչքի չընկնող տղա էր: Խիստ սկսեցի. – Ի՞նչ կա: Ի՞նչ է պատահել: Ասել էի, չէ՞, որ կողմնակի մարդ չլինի այստեղ: Ալիկը ծամծմում է. – Ահա… եկել ենք… բոլորով էնտեղ հավաքվել էինք… մենք… Այդպես էլ խոսքը չվերջացնելով՝ կողեկող,- քաշվում էր թե վախենում,- մոտենում ու ինչ-որ կոլոլած թուղթ է դնում սեղանին: Վերցնում եմ, բացում. – Է՞ս ինչ է: – Դե… խորհրդակցեցինք… ու բոլորը ասում են, որ… եթե… եթե այ էս մարդիկ նշանակվեն էս պաշտոններին, մենք ձեզ կաջակցենք: Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել: – Ահա, նայեք… եթե համաձայն եք… Էդ դեպքում… ոնց որ թե…մենք… Ու ես պայթեցի: – Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր: Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»: Գլուխները կախ դուրս եկան… Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում: Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է: Այդ պահին ժամանակ չունեի դրա մասին մտածելու: Պարզապես մոռացա այդ աղբը ու շարունակեցի աշխատել: Ծառայություններն իրենց գործն էին անում, ժամանակն անցնում էր, դահլիճի հետ հաղորդակցությունը չէր ընդհատվում: Սերժ Սարգսյանը, որն արդեն հասցրել էր վերադառնալ Ղարաբաղից, ասաց, որ կատարվածի մասին իմանալուն պես ցանկացել է թռչել Երևան, բայց իր ետևից երկար ժամանակ զինվորական ուղղաթիռ չէին ուղարկել: Իբր՝ վատ եղանակի պատճառով, բայց ակնհայտորեն եղանակն ընդամենը պատրվակ էր. նրան դիտմամբ փորձել էին ուշացնել Ղարաբաղում: Դալիճից դուրս եկած որոշ պատգամավորներ բարձրանում էին ինձ մոտ ու նոր մանրամասներ հայտնում: Ահաբեկիչների պահանջների տոնայնությունն աստիճանաբար փոխվում էր, գրգռվածությունը փոխարինվել էր ճնշվածությամբ: Դա զգացվում էր նաև պատանդների հետ նրանց շփումից: Կեսգիշերին մոտ արդեն չէի կասկածում, որ առավոտվա դեմ հնարավոր կլինի չեզոքացնել իրավիճակը: Ե՛վ գաղտնալսումներից, և՛ դահլիճի հետ կապ պահողների զեկույցներից պարզ էր. վրա է հասել բեկումնային պահը: Ամբողջ գիշեր տարբեր պատանդ պատգամավորների միջոցով Հունանյանն ինձ հետ հանդիպում էր պահանջում: Առավոտվա ժամը չորսի մոտ Ալիկ Հարությունյանին թույլ տվեցի հանդիպել նրանց հետ: Հանդիպման վայրն ու մանրամասները նրա հետ քննարկում էր Գրիգոր Գրիգորյանը, իսկ հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճին կից միջանցքում: Հունանյանը հանձնվելու երկու պայման դրեց. ես երաշխավորում եմ իրենց անվտանգությունը և ուղերձով ուղիղ եթե դուրս գալու հնարավորություն եմ տալիս: Ես չէի պատրաստվում ուղիղ եթեր տրամադրել ութ մարդ սպանած հանցագործներին, ուստի որոշեցի, որ էլի է պետք սպասել, մինչև նրանց կամքը վերջնականապես կոտրվի: Նրանք ուզում էին ապրել, դա զգացվում էր. «Մեզ երաշխիքներ են պետք, որ եթե հանձնվենք, մեզ չեն սպանի, և արդար քննություն ու դատ կլինի»: Ես ասացի. «Նրանց փոխանցեք, որ դատ, իհարկե, կլինի»: Բայց Նաիրի Հունանյանը պնդում էր ինձ հետ հանդիպելու պահանջը. «Չէ, մենք ուզում ենք դա ուղիղ Քոչարյանից լսել: Եթե հանդիպի մեզ հետ ու անձամբ հաստատի, կհանձնվենք»: Ես համաձայնեցի: Հանդիպեցինք առավոտվա ժամը հինգին: Հանդիպման վայրն ընտրել էր իմ թիկնազորը՝ ռազմական ոստիկանության պետի հետ. ինձ անծանոթ փոքրիկ սենյակ էր, գուցեև պատգամավորներից մեկի աշխատասենյակը, դահլիճի մոտ, դահլիճի մուտքից տասը-տասնհինգ մետրի վրա: Հունանյանը եկավ մենակ. հանցակիցներին թողել էր, որ հսկեն պատանդներին: Ինձ հետ աշխատակազմի ղեկավարն էր: Առաջինը, որ հարցրեց Հունանյանը՝ «Ինձ ճանաչեցի՞ք»: Ես զարմացա. բացարձակ չէի հիշում, որ հանդիպած լինեինք: «Ես եղել եմ ձեզ մոտ՝ Ղարաբաղում…»: Նա պատմեց, որ շատ տարիներ առաջ՝ 1988 թե 1989 թվին, Ղարաբաղ է եկել համալսարանի ակտիվիստ-ուսանողների հետ: Ես այն ժամանակ արդեն շարժման ճանաչված առաջնորդներից էի, ու նրանք ինձ հետ հանդիպում են խնդրել: Խումբը մեծ էր, ու ես առաջարկել էի մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնց համաձայն էի ընդունել: Հունանյանը, որպես խմբի ղեկավար, նրանց մեջ էր: Իրավիճակը հիշեցի, անձամբ Հունանյանին՝ ոչ: Նրա դեմքը առանձնակի ոչնչով աչքի չէր ընկնում, իսկ հանդիպումներն այն ժամանակ գեղադիտակի պատկերների պես էին փոխարինում իրար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/19/1002920/ 

 

Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»Запасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООНСинанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены«Христос родился и явился миру, Вам и нам великая радость и благая весть»․ Арман Варданян направил поздравительное послание по случаю Рождества Христова Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? «Паст»Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Почему Никол Пашинян «дал заднюю»? «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриТрамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 днейВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные карты