ԱԺ–ն երկրորդվո՞ւմ է, կամ՝ ե՞րբ կմեծանա խորհրդարանի դերը
ИнтервьюՈվքեր այս ամիսների ընթացքում չեն հաջողել կառավարությունում, կլինեն ԱԺ–ում: Այս օրերին տարբեր շրջանակների կողմից ենք նման տեսակետներ լսում, ինչը թույլ է տալիս նաև մի շարք եզրահանգումներ և հարցադրումներ անել: Դրանցից մեկն էլ հետևյալն է՝ փաստորեն, խորհրդարանական երկրում խորհրդարանը երկրորդվո՞ւմ է: Քաղաքագետ Արմեն Բադալյանն այս փուլում նման խնդիր չի տեսնում:
«Խորհրդարանում 132 պատգամավոր կա, որից 88–ը՝ «Իմ քայլը» դաշինքից: Նրանցից մի քանիսի ոչ արդյունավետ աշխատելը այդքան չի ազդի խորհրդարանի որակի վրա, բայց այդ նույն գործչի անարդյունավետ աշխատանքը նախարարի պաշտոնում բավականին տեսանելի կլինի: Նախարարությունը բավականին լուրջ գործունեություն է իրականացնում, և եթե նախարարը սխալ գործի, կտուժեն տասնյակ հազարավոր մարդիկ: Խմբակցության ներսում պատգամավորի ոչ կոմպետենտությունը չի երևա, բացի այդ, կքննարկեն և ինչ–որ դրական որոշման կհանգեն»,–ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ, ի վերջո, 88 հոգին չի որոշելու ինչ–որ բան, այլ՝ վարչապետը»,–«Օրերի» հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, չի ստացվո՞ւմ, որ ԱԺ–ի դերն է նվազեցվում, նա ընդգծեց, որ գոնե այս պահին նման խնդիր չկա. «Դա կախված կլինի ապագա աշխատանքից: Եթե «Իմ քայլը», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդյունավետ աշխատեն, ԱԺ–ի դերը կբարձրանա: Եթե՝ ոչ, ապա ԱԺ–ի դերը կփոքրանա: Կոնկրետ մեկ ոչ կոմպետենտ պատգամավորի ոչ անարդյունավետ աշխատանքը դեռ ցուցանիշ չէ, այստեղ պետք է դիտարկել խմբակցության աշխատանքը: Վատ, թե լավ կաշխատի ԱԺ–ն, ցույց կտա առաջիկա վեց ամիսը»:
Արմեն Բադալյանը նշեց՝ հարցին զգացմունքային կողմից մոտենալու դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱԺ–ն այդպիսով երկրորդվում է. «Որովհետև եթե դու լավ չաշխատող նախարարին ուղարկում ես ԱԺ, կարծես ինչ–որ պահեստային տարբերակ է ստացվում: Բայց եթե մոտենում ենք սառը հաշվարկով, տեսնում ենք, որ երկրորդման խնդիր չէ: Դա, իհարկե, ապագան ցույց կտա: Բոլոր հնարավորությունները կան, որ ԱԺ–ն մաքսիմալ արդյունավետությամբ աշխատի, բայց ոչ ոք հիմա չի կարող երաշխավորել դա»:
Ինչ վերաբերում է ընդհանուր հետընտրական իրավիճակին, քաղտեխնոլոգը նկատում է՝ նախատոնական տոնայնությունն իր ազդեցությունը թողել է քաղաքական կյանքի վրա. «Ակտիվ գործունեություն կսկսվի ծավալվել միայն հաջորդ տարվա հունվարի երկրորդ կեսից, երբ ԱԺ–ն իր առաջին նիստը կանի, կընտրվի ղեկավարություն, կառավարությունն իր ծրագրերը կբերի: Ներկայիս պասիվության շրջանն օբյեկտիվ է»:
Հետընտրական գործընթացների մեջ նա առանձնացրեց նաև ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության բանավեճը: Այդ համատեքստում նա ընդգծեց այն հանգամանքը, որը պետք է հաշվի առնեն ու հասկանան կուսակցությունները:
«Դեկտեմբերի 9–ին արդեն դե յուրե գիծ քաշվեց նախկին և ներկա համակարգերի միջև: Գիծը բաժանում է երկու կառավարման համակարգ. մինչև 2018թ. ապրիլ Հայաստանում գործում էր քրեաօլիգարխիկ համակարգ, որն ուներ իր տրամաբանությունը և օրենքները: Կար քրեաօլիգարխիկ համակարգ և այդ համակարգի շահերը ներկայացնող ՀՀԿ, մյուս կողմում ժողովուրդն էր, և տարբեր քաղաքական ուժեր միմյանց դեմ պայքարում էին՝ ժողովրդի կողմից դիտվելու որպես միակ ընդդիմադիր ուժ: Փաստացի երկբևեռ համակարգ: Բայց ապրիլին դե ֆակտո, դեկտեմբերից դե յուրե վերացավ քրեաօլիգարխիկ համակարգը: Եվ ժողովուրդը, որպես առանձին գործոն, բաժանվեց առանձին էլեկտորատ խմբերի, և յուրաքանչյուր էլեկտորատ իր շահերը ներկայացնող խումբ ունի: Արդեն միակ ընդդիմության համար պայքարի կարիքն այլևս չկա, որովհետև քաղաքական խաղի նոր կանոններ կան: Հիմա կուսակցությունները պետք է ոչ թե պայքարեն ողջ ժողովրդի ձայնին տեր կանգնելու, այլ կոնկրետ իրենց ընտրազանգվածի շահերը ներկայացնելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե կուսակցությունները հասկանան, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել, նոր կանոններով առաջնորդվեն, կարող ենք ասել, որ խորհրդարանի դերը կմեծանա:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, քաղաքագետը նրանց պասիվությունը ևս պայմանավորեց նախատոնական շրջանով. «Բայց հաջորդ տարվանից հիմնական ուժերը՝ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ն ու «Սասնա ծռերը» կարող են ինչ–որ ակտիվություն դրսևորել, բայց միայն արմատական ռեբրենդինգից հետո: Եթե մյուս տարվա գարնանից դա չտեսնենք, կարող ենք ասել, որ այդ ուժերը, որպես այդպիսին, նույնպես գնում են պատմության արխիվ: Որքան ակտիվ աշխատի խորհրդարանը, այնքան անտեսանելի կլինի արտախորհրդարանական ուժերի դերը, որքան պասիվ ու անհետաքրքիր կլինի ԱԺ–ն, այնքան կմեծանա արտախորհրդարանական ուժերի դերը»: