Քոչարյանի գործով որոշումը խայտառակ խախտումներով է կայացվել․ Հայկ Ալումյան
ОбществоԵ´վ դատավորի ընտրությունը Վերաքննիչ դատարանում, ե´ւ դատավարության ամբողջ ընթացքը, ե´ւ դատավորի կողմից կայացված որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Քոչարյանի կալանավորման հարցի մասին։
«Դատավորը չի պատասխանել մի շարք փաստարկների, որոնք մենք ներկայացրել ենք եւ որոնց պատասխանը ո´չ դատավորը, ոչ քննիչը եւ ո´չ էլ դատախազները չունեն։ Դատավորը պարզապես գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ այդ փաստարկներին եւ չկարողանալով հերքել, տպավորություն է ստեղծել, որ դրանք գոյություն չեն ունեցել»,- ասաց Ալումյանը։
Պաշտպանի խոսքով՝ այն փաստարկներին էլ, որոնց դատարանն անդրադարձել է, կամ դատավորը ճիշտ չի ընկալել, կամ ճիշտ է ընկալել, սակայն չի կարողացել հստակ պատասխաններ տալ, սահմանափակվել է ճշմարտանման եւ որեւէ իմաստ չպարունակող նախադասություններով։
«Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ խախտումներով»,- հավելեց պաշտպանը։
Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց հայտնել են, որ դատավորի ընտրությունը վիճակահանությամբ է եղել, սակայն իրենց ոչ մի արձանագրություն չեն ներկայացրել այդ վիճակահանության վերաբերյալ. «Մեզ ոչ մի ապացույց չներկայացրեցին, որ վիճականահություն է տեղի ունեցել եւ Ռուբիկ Մխիթարյանը վիճակահանությամբ է ընտրվել, բայց անգամ եթե ներկայացնեին այդ արձանագրությունը, օրենքով նման բան նախատեսված չէ եւ եթե դատարանի կազմը որեւէ այլ ընթացակարգով է տեղի ունենում, որն օրենքով ամրագրված չէ, ապա այստեղ առկա է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
Ալումյանը հայտնեց, որ Վերաքննիչում կալանքի միջնորդության ժամանակ դատավորին բացարկի միջնորդություն է փորձել հայտնել նաեւ քննիչը․ «Քննիչի բացարկը բավականաչափ հետաքրքրական էր․ նա ասաց, որ դատավորի համար գործը բավական բարդ է եւ դատավորին ակնարկեց, որ գուցե իր ուժերից վեր կլինի այս գործով կայացնել օրինական որոշում։ Դատավորն իրեն վիրավորված համարեց քննիչի այս ակնարկներից եւ այս բացարկն անգամ չքննարկեց, բայց հիմա տեսնում ենք, որ ավելի լավ կլիներ քննարկել»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել: