Երեք զոհ, մեկը՝ երեխա. վթարի մեղավորը համաներմամբ ազատ է արձակվել. տուժողները բարկացած են
ОбществоՕրերս ՀՀ վերաքննքիչ քրեական դատարանը համաներմամբ պատժի կրումից ազատել է 8–ամյա աղջկա մահվանը հանգեցրած վթարի գործով ամբաստանյալ Մհեր Վարոսյանին։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Մհեր Վարոսյանի պաշտպան Ժորա Վարոսյանը։
Ողբերգական վթարը տեղի է ունեցել 2017 թ. օգոստոսի 19-ին Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին։ Ճակատ-ճակատի բախվել են «Օպել Աստրա» մակնիշի և «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մահացել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Սիրանուշ և Գագիկ Վարդումյանները և «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարիամ Մանյանը։ Մեքենաների մյուս ուղևորներն էլ ստացել են տարբեր աստիճանի մանմնական վնասվածքներ։
2018 թ. մայիսի 22-ին «Վոլկսվագեն Գոլֆ» –ի վարորդ Մհեր Վարոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով Ճանապարհային երթևեկության կանոնների խախտելը, որ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 2018թ. օգոստոսի 16–ի վճռով՝ Մհեր Վարոսյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքը կատարելու համար և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանը վճռել է նաև 3 տարի ժամկետով նրան զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Մհեր Վարոսյանի պաշտպան Ժորա Վարոսյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում, որն էլ 2018 թ. նոյեմբերի 1-ին ընդունված համաներման ակտով Մհեր Վարոսյանին ազատել է պատժի հետագա կրումից։
Դատարանի այս որոշումը հարուցել է վթարի հետևանքով զոհված 8–ամյա Սիրանույշի ծնողների զայրույթը։ NEWS.am–ի հետ զրույցում երախայի մայրը՝ վթարից տուժած Հերմինե Գասպարյանը նշեց, որ վթարի հետևանքով զոհվել է իր անչափահաս դուստրը և սկեսրայրը, և այն, որ վթարի մեղավորը պատիժ չի գրելու, իրենց համար ցավալի փաստ է։
«Վիրավորական է, որ երեխայի կյանքը խլածը պետք է ազատության մեջ լինի, նա դուրս է եկել հանդիպակաց գոտի և իր մեղքով են երեք հոգի զոհվել»,–ասաց Գասպարյանը՝ նկատելով, որ համաներման ակտ ընդունելիս պետությունը հաշվի չի առնվել դրա հնարավոր հետևանքները։
NEWS.am–ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Մհեր Վարոսյանի պաշտպանը նշեց, որ վթարի հետևանքով զոհվել է նաև իր պաշտպանյալի կինը՝ Մարիամ Մանյանը։
«Վթարի հետևանքով իմ պաշտպանյալը հաշմանդամություն է ձեռքբերել և դեռ լիովին ապաքինված չէ, նա խնամքին երկու անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը աուտիզմով է տառապում։ Ես հասկանում եմ նրանց վիշտը, սակայն տեղի ունեցածը անզգույշ դեպք է, և իմ պաշտպանյալն էլ է ընդունում իր մեղքը։ Հիմա ի՞նչ անենք՝ էդ մարդուն կախե՞նք, եղածը եղած է, ոչինչ հետ բերել չենք կարող»,–ասաց նա։