Երեւանում մինչեւ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տուրքերը չեն բարձրանա. Հայկ Մարության
ОбществоՏարեկան մինչեւ 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար Երեւան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա անդրադառնալով տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին հարցին ասաց. «Որոշ տուրքեր այս նախագծով բարձրանում է, բայց քանի որ մեր քաղաքականությունն է աջակցել մանր ու միջին բիզնեսին, ուստի ես առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք եւ այդտեղ սահմանենք բացառություններ մանր ու միջին բիզնեսի համար: Այն է՝ մինչեւ 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից: Այսինքն կշարժվեն հին տուրքերով: Ճիշտ է, մենք նիստը կանենք հունվարի 15—ին կամ 20-ին, բայց այդ որոշումը կգործի հունվարի 1-ից»:
Նշենք, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։