Խաշլամա, տոլմա, կարճատեւ տեսակցություններ. ի՞նչ արտոնություններ են ստանում դատապարտյալները Ամանորին
LifestyleՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորներն ու դատապարտյալները Ամանորի կապակցությամբ որոշակի արտոնություններ են ստանում։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանը NEWS.am–ի հարցին ի պատասխան նշեց, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան օրերին սովորաբար փոփոխություն է կատարվում կալանավորված անձանց ու դատապարտյալների սննդակարգում:
Այս տարի նրանց տրամադրվելու է բանջարեղենով աղցան, մսով պատրաստված խաշլամա, տոլմա, հավով բրնձով փլավ, հավով սուպ, խնձոր, մրգահյութ։ Քրեակատարողական ծառայության պաշտոնյան հավաստիացնում է, որ սննդամթերքը թարմ է լինելու։
Քոչինյանը նշեց, որ Ամանորի կապակցությամբ կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեսակցությունների ավելացում չի նախատեսվում, սակայն բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին սահմանված կարգով տրամադրվում է կարճաժամկետ մեկնում՝ սոցիալական վերականգնման նպատակով։
Բոլոր քրեակատարողական հիմնարկներում Սուրբ ծննդյան տոներին կազմակերպվում են կրոնական միջոցառումներ՝ պատարագ եւ ջրօրհնեքի արարողություն։
Նշենք, որ արդեն իսկ տոնական համերգներ են կազմակերպվել ՀՀ ԱՆ Արմավիր եւ «Աբովյան» քրեակատարողականում։