Խաղաղ օվկիանոսում նավի վրա չորս հազար մեքենա է այրվել (Video)
TVԽաղաղ օվկիանոսում հրդեհվել է 3.8 հազար ավտոմեքենայով բարձված նավը:
198 մետրանոց Sincerity Ace նավի վրա հրդեհ է բռնկվել անցյալ շաբաթ Ճապոնիայից Հավայան կղզիներ ավտոմեքենաների փոխադրման ժամանակ: Նավում են գտնվել անձնակազմի 21 անդամները: Նրանցից 16-ին կարողացել են փրկել, 4-ին հայտնաբերել են ջրում առանց կենդանության նշանների, մեկն անհետ կորել է:
Nissan կոնցեռնը հաստատել է, որ բեռնատար նավը տեղափոխելիս է եղել իրենց պատկանող 3.5 հազար ավտոմեքենա: Դրանից բացի՝ նավի վրա է եղել ավելի քան երեք հարյուր մարդատար մեքենա և շինարարական տեխնիկա: Ընկերությունը տեղեկություններ չունի ապրանքի վիճակի մասին:
Nissan-ի ներկայացուցիչները մտավախություն են հայտնել նավաստիների և փրկարարների կյանքի համար:
Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Sincerity Ace-ը դեռ այրվում է և շարժվում հոսանքով առանց անձնակազմի: