Բա ԱԱԾ պետին ինչի՞ չեն քննադատում․ Հայկ Սարգսյանը` աղմուկ հանած բաճկոնի մասին
ИнтервьюՀամացանցում մեծ աղմուկ է բարձրացրել նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է: Նշենք, որ այդ բաճկոնից կրում են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Անվանական պաշտոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը:
Խանութը, որը բաճկոնը կարել է Հայկ Սարգսյանի համար, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Բաճկոնը կարված է հատուկ՝ Հայկ Սարգսյանի պատվերով։ Raf Kanian֊-ը բարձր որակն ապահովել է ՝ կաշիմիրի, բնական մորթու և զամշի միջոցով ։ Մենք պատրաստ ենք իրագործել հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն»:
Ինչո՞ւ է նորընտիր պատգամավորը նման հագուստ կրել, եւ ինչպես է վերաբերվում հնչող քննադատություններին։ Այս եւ այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը պարզաբանում է ստացել Հայկ Սարգսյանից։
Վերջինս նախ նշեց, որ հագուստը զինվորական չէ, եւ բանակի տարբերանշանները չկան։ «Միայն գույներն է զինվորականի։ Դա նվեր է եղել, որը զուգադիպել է եւ այդ օրը հագս է եղել։ Առաջին օրն եմ հագել»,- ասաց Սարգսյանը։ Դիտարկմանը, թե հագել ե՞ք, որ ճանաչեն որպես պատգամավոր, Հայկ Սարգսյանն ասաց, թե ճանաչելիության խնդիր չունի։ «Ես խնդիր չունեմ ճանաչելու, հնարավոր է մյուս պատգամավորներն ունեն, դու էլ գիտես, որ ես ճանաչելի դառնալու խնդիր չունեմ»,- ասաց Սարգսյանը։ Մեր հարցին, թե հնարավոր է քննադատություններից հետո ամեն դեպքում հրաժարվեք այդ բաճկոնը կրելուց, նորընտիր պատգամավորն արձագանքեց․ «Հրաժարվելու խնդիր չկա, ես լիքը բաճկոններ ունեմ, ամեն օրը մեկը կրում եմ։ Ասենք, ու՞մ բաճկոնն են այդքան քննադատել, որ իմն են քննադատում, կամ բաճկոնի քննադատելը ո՞րն է, ես դա չեմ հասկանում»։ Պատգամավորին փոխանցեցինք, որ անվանական լինելու հարցն է հիմնականում քննարկվում, ինչին նա արձագանքեց, թե առաջին անգամ են արդյո՞ք նման բաճկոն տեսնում։ Նման բաճկոն կրում է վարչապետի պաշտոնակատարն ու ԱԱԾ տնօրենը։ Երեւի նոր «թրենդ» է, փոխանցեցինք Հայկ Սարգսյանին։ «Բա ԱԱԾ պետին ինչի՞ չեն քննադատում, թե՞ վախենում են ԱԱԾ պետին քննադատել»,- եղավ նրա պատասխանը։
Հայկ Սարգսյանը նշեց, որ հեղափոխության օրերին էլ է զինվորական հագուստ կրել, դրանից առաջ էլ։ «Իմ ֆեյսբուքյան նկարների մեջ միշտ էլ եղել է զինվորական հագուստով, բանակից հետո ես միշտ պատվիրել եմ, ինձ իմ ընկերները նվիրել են, միշտ ես տարբեր նաղշերով համազգեստներ կրել եմ, ինչպես լիքը մարդիկ, այդ թվում աղջիկներ։ Լիքը աղջիկներ կան, որ կրում են, ինչ կա դրա մեջ»,- շարունակեց պատգամավորը։ Դիտարկմանը, թե դրանք անվանական չեն, Սարգսյանն ասաց, թե հիմա անվանական է։ «Մարդ կա իրա նկարով է հագնում։ Կամ, որ ասում են կյանքում ես 300 հազար տեսել, կամ չգիտեմ, տեսել եք ինչ ասես չեն գրում։ Մեր տունը գիտես մի քանի անգամ գրել են, որ երեք հարկանի տուն է Երեւանում, քսան տարի է սարքել ենք, իմ պապան գործարար է եղել, ես 2008 թվականին, երբ որ ինձ հետապնդում էին, ես թանկանոց մեքենա էի քշում, 40 հազար դոլարանոց։ Ընդդիմություն եղած ժամանակ էլ ենք մենք ունեցել, դրա մասին չեն խոսում։ Հիմա, թե որտեղից, եկավ մեր փողերով միանգամից։ Բա խի չեն ասում, որ էդ տղեն էդքան բան դրել է զոհասեղանին, մարդ կա մի հատ շոր չի ունեցել, դուրս է եկել ասում է ես էլ եմ հեղափոխական։ Ինքն ինչ է դրել զոհասեղանին, ես՝ ինչ, կամ ով էր մտածում, որ հեղափոխություն տեղի կունենա Հայաստանում, երբ ես երկու տարի առաջ սաղի հետ «քյալլա» եմ տվել, երկու անգամ մահափորձ են արել, մի քանի անգամ վրես հարձակվել են, ավտոս են խազել, մի քանի անգամ հարկայինն է մտել իմ ու ընկերներիս օբյեկտներ։ Հազար բանի միջով անցել ենք, հիմա ոմանք իբր թե իրանց գրպանից են ինձ աշխատավարձ տալիս ու բաներ են գրում»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա գտնում է, որ ում հեղափոխությունից հետո պաշտոն չի հասել, կամ նրա կյանքում հեղափոխությունից հետո որեւէ բան չի փոխվել, նրանք են բողոքում։ Բողոքավարների թվում են նաեւ ըստ պատգամավորի քոչարյանական թեւի ներկայացուցիչները։ Հայկ Սարգսյանն ասաց նաեւ, որ որեւէ մեկը չի քննարկում այն հանգամանքը, որ ինքը երեկ բացել է տվել Երեւան- Արմավիր միջպետական ճանապարհը։ «Մեկ ժամվա ընթացքում այդ ճանապարհը բացվել է։ Խի չեն ասում, որ էդ տղեն մենակով էդկանց մարդկանց մեջ մտավ, ճանապարհը բացեց»,- եզրափակեց Հայկ Սարգսյանը։
Փայլակ Ֆահրադյան