Բոլորը մեծագույն դժվարությամբ են ստանձնում երկրի հանդեպ առկա պարտավորությունները. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների մուտքերը փոխհատուցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 1–ից նախատեսվում է առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկերի դրույքաչափերը:
Մասնավորապես առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ: Նախատեսվում է բարձրացնել նաև գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
Բացի այդ, 2019 թվականի հուլիսի 1–ից ընդլայնվելու է ակցիզային հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:
Ցանկացած երկիր իր բյուջեի մուտքերն ավելացնելու պահանջը լրացնելու համար որոշակի հարկատեսակներ է սահմանում: Եվ, անկախ նրանից, խոսքը տեղական ինքնակառավարման մարմիններին, թե պետական բյուջեին է վերաբերում, պետք է կարողանալ բավական ֆինանսական միջոցներ հավաքագրել պետական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները իրականացնելու համար:
Հայաստանի Հանրապետությունում, սակայն, տարիներ շարունակ եղել է այնպես, որ թերհարկային քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև ռեսուրսները ոչ ռացիոնալ օգտագործելու պատճառներով երկիրը մշտապես գտնվել է ֆինանսական միջոցների քրոնիկական դեֆիցիտի մեջ, համոզված է տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, որի արդյունքում էլ երկիրը հայտնվել է ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակում:
«Ներկայում գործող հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների համաձայն, բյուջեի ձևավորման միակ ճանապարհը հարկերի մեջ փոփոխություններ մտցնելը պետք է լինի: Այդ թվում՝ նաև ենթաակցիզային ապրանքների շարքի մեծացումն ու ընդլայնումը պետք է լինի: Դա թույլ կտա մի կողմից պետության ֆինանսական հնարավորությունները մեծացնել, բայց պետք է հաշվի առնել, որ գոյություն ունի նաև մեդալի մյուս կողմը, որի մասին չպետք է մոռանալ կամ անտեսել»,– ասաց Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետը չբացառեց, որ ակցիզային հարկերի դրույքաչափի բարձրացումն ինչ– որ տեղ կարող է հարված հասցնել այն տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, որոնք տվյալ ենթաակցիզային ապրանքատեսակների արտադրությամբ են զբաղված: Ուստի հաշվարկները պետք է համակողմանի իրականացնել և հիմնավորել: Եվ եթե պարզվի, որ տվյալ ուղղությունների տնտեսվարողները բավականաչափ շահույթ ստանալ չեն կարողանա, նման լրացուցիչ բեռի պայմաններում կարող են լուրջ խնդիրներ ունենալ և կանգնել գործունեությունը դադարեցնելու խնդրի առջև:
«Օղու, էթիլային սպիրտի, 100 գրամի մեջ 5 % և ավելի շաքար պարունակող ըմպելիքի և նմանօրինակ ապրանքատեսակների ակցիզային դրույքաչափերի բարձրացումը դժվար է բացասական քայլ համարել: Ինչ վերաբերում է մահակների հարկային քաղաքականություն վարելուն, ապա այն բարեբախտաբար շտկվում է, ինչը դրական քայլ կարելի է համարել: Իմ պատգամավոր եղած ժամանակ եղել են տարիներ, երբ իրավախախտումներից հավաքագրված գումարները 5 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները: Դա զավեշտ էր: Ինչ էր ստացվում, որ խթանում են, որպեսզի երկրում իրավախախտումները 5 անգամ մեծանա՞ն: Վերադառնալով ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման հարցին՝ նշեմ, որ անկախ նրանից, թե տնտեսվարողների կողմից ինչպես կընդունվի իմ կարծիքը, բայց պետք է հիշել, որ մեր երկրում բոլորը մեծագույն դժվարությամբ են ստանձնում երկրի հանդեպ առկա պարտավորությունները: Մինչդեռ այդ պարտավորությունները չափազանց կարևոր են պետության համար հանրային և ընդհանրական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից»,– ասաց Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետի կարծիքով, ամեն դեպքում հարկերի և տուրքերի դրույքաչափեր սահմանելու ժամանակ պետք է հաշվարկվի և ընտրվի այն խելամիտ կետը, որի պարագայում և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք պետության նկատմամբ կարողանան անվերապահորեն իրականացնել այն իմպերատիվ պարտավորությունը, որը բխում է քաղաքացու պարտավորություններից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում