Ազգային ժողովի ոչ ժողովրդական օրակարգը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են նոր Ազգային ժողովի աշխատանքները, և ինֆորմացիոն դաշտը հագեցած է խորհրդարանից եկող տարաբնույթ քննարկումներով: Մեծ հաշվով, իհարկե, քննարկումներում որևէ անակնկալ չկա: Քարոզարշավի ընթացքում նշմարվող մարտավարությունները ուղղակի սկսել են ավելի կարծր կերպով արտահայտվել: Ինֆորմացիոն տեղատարափի հիմնական ուղղությունն էլ ԱԺ երրորդ փոխնախագահի ընտրության շուրջ քննարկումներն էին: Երրորդ փոխնախագահի ընտրությունը չնայած արդեն կայացած փաստ է, բայց այդ քննարկման տակ թաքնված իրական մոտիվացիան այլ է՝ ԱԺ–ում միակ և իրական ընդդիմության տեղի համար պայքար է սկսել ԼՀԿ–ն, ու դժվար թե փոխնախագահի ընտրությունից հետո այդ մարտավարությունը նրանք փոխեն:
Ինֆորմացիոն տեղատարափի մեկ այլ բաղադրիչն էլ սուպերվարչապետական լիազորությունների նվազեցումն է՝ խորհրդարանի լիազորությունների ավելացման հաշվին: Թե՛ խորհրդարանում, թե՛ դրա պատերից դուրս այս հարցը ևս ակտիվորեն քննարկվում է:
Քննարկումների երկու հիմնական կետերի դեպքում էլ, սակայն, անկախ դրանց դիտարժանությունից ու քաղաքական պայքարի թվացյալ էֆեկտից, գործ ունենք բավական տեխնիկական, արհեստական պրոցեսի հետ: Առաջին իսկ օրերից նոր ԱԺ–ն, փաստացի, ի ցույց է դնում իր հիմնական թերությունը՝ այն չի ներկայացնում ժողովրդին ու հասարակությանը հուզող խնդիրները: Ընդ որում, այդ թերությունը աչք ծակեց ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ոչ քաղաքական ելույթներով, այլև ընդդիմության պահվածքով, որոնք ԱԺ–ում պաշտոնակռիվը դարձրին թիվ մեկ քննարկման առարկա՝ բնականաբար այդ ամենը փաթեթավորելով լույսի ու խավարի, բարու և չարի մասին հիմնավորումներով:
Հասարակության, հատկապես դրա՝ հեղափոխությամբ նոր սպասումներով լցված հատվածի ընթացիկ և հիմնարար խնդիրներին որևէ անդրադարձ չկա, որևէ նույնիսկ սիմվոլիկ անդրադարձ, որ կազդարարեր արտահերթ խորհրդարանի արտահերթ էությունը, ցույց կտար դրա ժողովրդականությունը, հասարակության հետ ակտիվ ու արդյունավետ հաղորդակցվելու պարտականությունը: Փողոցի խնդիրները ԱԺ բերելու մասին բավական վեհ հայտարարությունների ֆոնին նոր խորհրդարանը իր մեկնարկի առաջին օրերին մխրճվել է արհեստական, միջկուսակցական պարզաբանումների մեջ ու չի կարողանում դուրս գալ այդ ցիկլից:
Եվ այս ֆոնին հատկանշական է, որ նոր խորհրդարանի դերակատարության մասին քիչ թե շատ նոր խոսք ունի ասելու նախագահ Արմեն Սարգսյանը միայն, այսինքն՝
մարդ, որ այդ կուսակցական խաղերից վեր է: Այնինչ Սարգսյանի ելույթի մեսիջները պետք է հղեին մյուս ուժերը՝ իշխանության գլխավորությամբ:
Եվ այս պայմաններում, երբ ԱԺ–ում քննարկվում է սուպերվարչապետական լիազորությունների նվազեցման հարց, ու դրվում է խորհրդարանի գործառույթներն ընդլայնելու խնդիր, հարց է ծագում. եթե խորհրդարանի լիազորությունները ընդլայնվեն, ի՞նչ է փոխվելու դրանից, ավելանալո՞ւ է արդյոք խորհրդարանի ժողովրդականությունը, թե՞ այն ավելի է ընկղմվելու միջկուսակցական բյուրոկրատական ու կադրային սակարկումների մեջ: Ի վերջո, արդյո՞ք փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների աթոռով է, որ այս կամ այն ուժը պետք է կարողանա իրացնել իր գործառույթները:
Խնդիրը, թերևս, Հայաստանի կառավարման մոդելի արհեստածին բնույթն է: Խորհրդարանական համակարգը այդպես էլ չի ներդաշնակեցվում Հայաստանի քաղաքական մշակույթին, ինչն էլ ծնում է նմանօրինակ արհեստածին քննարկումներ, որոնք մատուցվում են որպես հույժ կարևոր հասարակական օրակարգեր: Այնինչ, ավելի ազնիվ կլիներ սկսել գոնե այդտեղից, քննարկում նախաձեռնել խորհրդարանի դե յուրե ու դե ֆակտո կարգավիճակների միջև խզվածքը վերացնելու, գուցեև ընդհանրապես կառավարման ներդաշնակ մոդել գտնելու շուրջ: Սակայն որևէ նմանատիպ հարց քաղաքական շրջանակներում չի քննարկվում: Գոնե առայժմ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում