Հավելվածներից ու այլ ծառայություններից անվճար օգտվելը նշանակում է, որ «ապրանքը» դուք եք. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է, Get Contact բջջային հավելվածն ավելի շատ վտանգներ է պարունակում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել: Ամենաուշագրավն այն է, որ այն թուրքական ծագում ունի, բայց, օրինակ, դրանից օգտվելն Ադրբեջանում խստիվ արգելված է: Այնտեղ մեկ տարի է, ինչ այս հավելվածն արգելափակված է, իսկ Հայաստանում հավելվածից օգտվողների թիվը շատ– շատ է:
Փորձագիտական շրջանակների համար ի սկբանե պարզ էր, որ նշված հավելվածը մեծ ռիսկեր է պարունակում, բայց վտանգն ավելի մեծացավ, երբ վերջին շրջանում սկսվեց այն սոցիալական կայքերում հայերեն լեզվով գովազդվել: Եվ զարմանալի է, որ հավելվածի մասին տեղեկատվության մեջ նշվում է, որ այն համապատասխանեցված է Եվրամիության «Անձնական տվյալների մշակման ընթացքում մասնավոր անձանց իրավունքների պաշտպանության մասին» դիրեկտիվի դրույթներին: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ համակարգը, որի միջոցով կարելի է հավաքագրել և հրապարակել այլոց կոնտակտային տվյալները՝ առանց տվյալ կամ երրորդ անձանց իմացության, զարմանալիորեն հետ չի պահում այդ հավելվածից օգտվողներին:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ այն շատ երկրներում վաղուց է արգելված: Ու թեև դժվար է ասել, որ այն լրտեսական հավելված է, որովհետև նման տվյալներ այս պահին չկան, բայց որ պոտենցիալ մեծ վտանգներ է պարունակում, փաստ է: Իսկ ամենամեծ վտանգը հավելվածը ներբեռնած հեռախոսի միջոցով երրորդ անձանց կոնտակտները վերցնելու հնարավորությունն է, որոնց հետագա վերլուծությունը կարող է վտանգներ պարունակել այդ անձանց համար:
«Get Contact բջջային հավելվածը վտանգավոր է նրանով, որ Հայաստանում շատ տարածված է: Այսօրվա դրությամբ այն Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածներից է համարվում, ինչը բավականին մտահոգիչ է»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նշենք նաև, որ տվյալների վաճառքն այսօր աշխարհում առևտրի ամենաեկամտաբեր «ուղղություններից» մեկն է համարվում: Նույն սկզբունքով է աշխատում նաև «Ֆեյսբուք» սոցիալական կայքը, այլապես հնարավոր չէր լինի, օրինակ, գովազդ տեղադրել՝ հստակ նշելով այն օգտատերերի շրջանակը, ում ուղղված է տվյալ գովազդը:
«Ֆեյսբուքի հավելվածները նույնպես հավաքագրում են մարդկանց մասին ամեն ինչ, նույնիսկ sms հաղորդագրությունները, եթե էջն ու հաղորդագրությունների հավելվածներն իրար միացված են: Ու եթե մարդն անդրոիդ հեռախոս է օգտագործում, ապա այդ ամբողջ տվյալները Google–ն էլ իր հերթին է գրանցում: Այսինքն, եթե մարդը որևէ ծառայությունից անվճար է օգտվում, նշանակում է, որ «ապրանքը» դուք եք և ձեր տվյալները»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Այս ամենի դեմն առնելու միանշանակ բաղադրատոմս չկա, ասում է փորձագետը, բայց սեփական տվյալների արտահոսքը որոշ չափով սահմանափակել հնարավոր է: Դրա համար հարկավոր է շատ երկար սովորել ու ժամանակ հատկացնել գիտելիքն արդյունավետ օգտագործելու համար: Ըստ փորձագետի, պետք է սկսել դպրոցականներից և սովորեցնել, թե ինչպես պետք է էլեկտրոնային հետքերը նվազեցնելու հմտություններ ձեռք բերել:
«Արտահոսքերը շատ տարբեր ձևերով են լինում: Օրինակ, կան թևնոցներ կամ ժամացույցներ, որոնք ֆիքսում են, թե ինչքան է մարդը վազել, որտեղ: Այսինքն՝ ֆիքսում են հետագիծը: Մոտ կես տարի առաջ նման իրերի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը քարտեզ էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել, թե իր հաճախորդներն ինչքան շատ են և այլն: Բայց հետո պարզվեց, որ դրանով իրենք գաղտնազերծել էին Իրաքի և Աֆղանստանի ամերիկյան գաղտնի բազաների տեղերը, քանի որ այնտեղի սպայական կազմը նույնպես առավոտյան վազում է: Այսինքն, այդ քարտեզի միջոցով ֆիքսվել էին, օրինակ, անապատում կառուցված այն շինությունները, որոնց շուրջ մարդիկ են վազում: Եվ այսպես բացահայտվել էին քողարկված տարածքները, ինչը երկրի անվտանգությանն առնչվող հարց է, ուստի պետք է բավականին զգույշ լինել»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով, վտանգներն անընդհատ փոխվում են, ուստի հարկավոր է անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել ու հետևել այս թեմային: Նորամուծություններից է նաև այն, որ երբ մարդիկ մատները հաղթանակի նշանով բացած սելֆիներ են անում, նույնիսկ դա է հիմա համարվում վտանգավոր: Ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ նման նկարից մարդկանց մատնահետքերը վերցնեն, 3D տպիչով տպեն և այս կամ այն տեղերում օգտագործեն:
«Մոտ երեք տարի առաջ նման բան ասելն անհեթեթություն կլիներ, բայց հիմա նման նկարները ևս վտանգ են իրենցից ներկայացնում, քանի որ ներկայիս բջջային հեռախոսների տեսախցիկներն այնքան որակով են, որ նույնիսկ հնարավոր է մարդկանց մատնահետքերը բացահայտել»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում